Տիտղոսային և ոչ տիտղոսային ընդդիմության՝ մեկ օրակարգի շուրջ համախմբվելու և առաջնորդություն ստանձնելու վերջին փորձության ժամն է վրա հասել. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ըստ էության, պատմական նոր շրջափուլի մեկնարկն է ազդարարվում վաղը։ Թշնամի երկում նախագահական արտահերթ ընտրությունների օրն է, որը սարսափ ֆիլմին բնորոշ մեղեդու ելևեջների ներքո կարծես գալիս է ազդարարելու թշնամու կողմից մեր հանդեպ աճող հավակնությունները կյանքի կոչելու գործընթացի սկիզբը:Շրջափուլը կարող է կարճատև լինել, քանի որ մեր ուշադրությունը՝ շեղվելով ինչ-որ անկարևոր ու երկրորդական իրադարձություններով, հնարավորություն չի ընձեռում սթափ դատողություններ անել և հասկանալ, որ դեպքերն ու իրադարձությունները զարգանում են մեզ համար ոչ ձեռնտու ուղղությամբ: Ավելի կոնկրետ՝ դրանք զարգանում են մի սցենարով, որն առնվազն կտրուկ հակասում է մեր ազգային շահերին, իսկ բովանդակային առումով՝ կործանարար են։
Քաղաքական ասպարեզի ժամանակակից գործիչները, դրսևորելով ապազգային, հակապետական և անհայրենիք վարքագիծ, իրենց նվաստացուցիչ պահվածքով և առաջարկվող ապազգային օրակարգով մի կողմից ձգտում են հագեցնել թշնամու ծարավը, իսկ մյուս կողմից, իրենց գոյությունը փրկելու համար, փորձում են ապահովել իրենց քաղաքական վերարտադրությունը։
Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ, այսօրվա իշխանությունները ծրագրում են համատեղել սահմանադրական հանրաքվեն և արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հստակ հասկանալով, որ կարծես բախվում են մի կարևոր խնդրի։ Մասնավորապես, իրենց վերարտադրությունն ապահովելու համար այս իշխանությանն անհրաժեշտ է ընտրությունների ցածր մասնակցություն՝ մոտ 25-30 տոկոս, մինչդեռ նոր Սահմանադրություն ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 50 տոկոս գումարած մեկ ձայն:
Կանխատեսվում է, որ ոչնչի առջև արգելքներ չունեցող, և, ըստ էություն, նաև իրական հակազդեցություն չունեցող այսօրվա իշխանությունները փորձելու են Սահմանադրության անցկացման սահմանված օրենսդրական շեմը օրենսդրական դավադիր փոփոխություններով իջեցնել, օրինակ՝ 25 տոկոս գումարած մեկ ձայն։ Սա բառացիորեն նշանակում է, որ մեր պետության չգոյության ու ժողովրդի ինքնությունը վերացնելու իրավական գործընթացն անշուշտ մոտենում է պաշտոնական մեկնարկին։
Ակնհայտ է, որ տիտղոսային և ոչ տիտղոսային ընդիմության՝ մեկ օրակարգի շուրջ համախմբվելու և առաջնորդություն ստանձնելու ՎԵՐՋԻՆ փորձության ժամն է վրա հասել։ Սա առաջին հերթին վերաբերում է ինստիտուցիոնալ հնարավորություններ ունեցող ընդդիմադիր ուժերին։
Սա չի լինելու հերթական ձախողումը, սա լինելու է վերջին ձախողումը։ Եվ, եթե ձախողեք, սերունդներով նզովքի ու անեծքի եք արժանանալու բոլո՛րդ»։