«Գարդման - Շիրվան - Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում նշվող երիտասարդության օրվան
«Գարդման - Շիրվան - Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանում նշվող երիտասարդության օրվան։
Հայտարարության մեջ նշված է. «Փետրվարի 2-ը Ադրբեջանում նշվում է որպես երիտասարդների օր։ Այս կապակցությամբ Ադրբեջանի նախագահը նշել է, թե «այսուհետ մեր երիտասարդները որպես հաղթանակած ազգի ներկայացուցիչներ կմեծանան»։ Սակայն, նման հավակնոտ հռետորաբանության տակ Իլհամ Ալիևը գուցե չի համարձակվում ի ցույց դնել այն տխրահռչակ իրականությունը, որում անգիտակցաբար ապրում է ադրբեջանական հասարակությունը, մասնավորապես՝ երիտասարդությունը։
Ադրբեջանի երիտասարդության մտակերտվածքի մասին կարելի է ամբողջական պատկերացում կազմել մակերեսորեն ուսումնասիրելով դպրոցական դասագրքերը, որոնցում ոչ միայն խեղված ու յուրացված է Արևելյան Այսրկովկասի էթնոքաղաքական պատմությունն ամբողջապես, այլև պարբարեբար օգտագործվում են հայերին բնութագրող այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «հայ ահաբեկիչ, հայ ֆաշիստ, հայ ավազակ, հայ անջատողական, հայկական բարբարոսություն, թշնամի, գարշելի հայ և ֆաշիստական հայերեն»։
Մինչդեռ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2001 թ․ հանձնարարականը պահանջում է․ «Պատմության ուսուցումը չպետք է լինի գաղափարական մանիպուլյացիայի, քարոզչության գործիք կամ օգտագործվի անհանդուրժողական և ծայրահեղ ազգայնական, այլատյաց, ռասիստական կամ հակասեմական գաղափարների առաջմղման համար»։ Ադրբեջանական դասագրքերում պատմության խեղումը և անչափելի հայատյացությունը որևէ կերպ չեն համապատասխանում վերոնշյալ պահանջին, և պատահական չէ նաև ԵԽԽՎ այն վերջին նկատառումը, որ Ադրբեջանն անդամակցումից ի վեր չի կատարել կառույցի կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները։
Դժվար չէ նկատել, որ ադրբեջանական դասագրքերում Հայաստանի ու հայության նկատմամբ կիրառված բառաֆոնդը նույնությամբ կրկվում է պետական մակարդակով հնչող խոսույթում։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայատյացությունը մի ամբողջական և բազմաբաղադրիչ քաղաքականություն է, որը սկսվում է Ադրբեջանի աշակերտությունից և տարածվում հասարակության տարբեր շերտերերում։ Նման քաղաքականության արդյունքներն իրենց սպասեցնել չեն տալիս։ Այս քաղաքականության ծնունդն է Ռամիլ Սաֆարովը, հետևանքը՝ քնած հայ սպայի կացնահարումը և այդ բարբարոսական քայլի հերոսացումը պետականորեն։
Հաղթող ժողովրդի ներկայացուցիչներ լինելուց առաջ ադրբեջանցի երիտասարդները պետք է առերեսվեն այդ հաղթանակի ձեռքբերման տխրահռչակ ընթացքին՝ այն պատերազմական հանցանքներին, որոնց մասնակից են եղել հենց իրենց սերնդի ներկայացուցիչները, այն վայրագություններին անզեն քաղաքացիական բնակչության նկատմամբ, որոնք իրականացվել են պատմական Գարդմանում, Շիրվանում և Նախիջևանում, այն սովամահությանն ու մանկասպանությանը, որն իրագործվել է Լեռնային Ղարաբաղում ընդամենը ամիսներ առաջ։ Այս գիտակցումից հետո միայն ադրբեջանական երիտասարդությունը կարող է հարց տալ իրեն․ արդյո՞ք ինքն ազատ է իր կամարտահայտման մեջ, արդո՞ք իրապես սխալվում են այս ամենի մասին բարձրաձայնողները, որոնք վաղուց ի վեր համալրել են անթիվ քաղբանտարկյալների կամ վտարանդիների շարքերը, արդյո՞ք մարդատյացությունը լավագույն ուղին է իրենց կենսագործունեության համար։ Այժմ Ադրբեջանի երիտասարդության գաղափարական դաստիարակությունը կարելի է մեկ բառով բնորոշել որպես «ռամիլսաֆարովություն», ինչը որևէ կերպ չի տեղավորվում արդի քաղաքակրթական ընկալումներում։