Վերջին փամփուշտն է մնացել․ Հայկ Մամիջանյան
«2018 թվականից հետո հայ ժողովուրդն ունեցել է մարդկային անդառնալի կորուստներ. մեր հազարավոր հայորդիներն են այդ անդառնալի կորուստը մեզ համար, որովհետև հանձնված հայրենիքը կարելի է կրկին ազատագրել․ այդ տղերքն են, որ էլ չկան, ուստի, քանի դեռ կա Փաշինյանը, մենք գլուխներս բարձր ապրել չենք կարող՝ անկախ նրանից, թե ինչ է ուզում փոխել՝ Հայաստանի Սահմանադրությո՞ւնը, զինանշա՞նը, թե՞ կառավարության շենքի պատերը. կապ չունի ոչինչ, որովհետև խնդիրն ինքն է, խնդիրն իր մեջ է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Հայաստանի հետագա գոյությունը նոր Սահմանադրությամբ պայմանավորող իշխանության հայտարարություններին՝ նման տեսակետ է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ շեշտելով.
«2018 թվականից ասում էինք՝ Փաշինյանի շարժումը հակաարցախյան է, ոմանց պես՝ նոր չէ, որ հասկացել ենք, ուստի պայքարելու ենք այնքան, որքան ուժներս հերիքի, մինչև՝ կա՛մ մեր վերջը կլինի, կա՛մ իրենցը, կա՛մ պետության վերջը, եթե մնան իշխանության»։
Պետության վերջին չհասնելու համար, ըստ Մամիջանյանի, Հայաստանի իրական ազգային ուժերը, և ոչ թե ընդդիմադիր դաշտում ջուր պղտորողները, պետք է կարողանան իրենց օրակարգում պահել հետևյալ առաջնահերթությունները.
«Առաջին՝ Փաշինյանն, առանց փողոցի ճնշման, իշխանությունից չի՛ գնալու։ Երկրորդը՝ սուտ է, որ Փաշինյանի ներկայիս վարած բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, թեև իրենը բանակցություններ չեն, նա կատարում է Ադրբեջանի ուլտիմատումները՝ հերթով»,– ասել է Մամիջանյանը՝ շեշտելով, որ իրենք, որպես ընդդիմադիր ուժ, կենտրոնացած են հենց այս հարցերի վրա՝ փորձելով թույլ չտալ, որ հանրությունը շեղվի իշխանության առաջարկած կեղծ օրակարգերով։
«Օրինակ, իմ կարծիքով, Սահմանադրության մասին թեզերը հիմնական խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար են դաշտ նետվում, որպեսզի Փաշինյանը ժամանակ ձգի ու վերջնականապես մեզ կործանի, որովհետև մինչև մենք քննարկում ենք՝ Սահմանադրությունը, փոխելո՞ւ է, թե՞ ոչ, արտահերթ ընտրություններ անելո՞ւ է, թե՞ ոչ, Փաշինյանն Ալիևի հետ շատ ավելի վտանգավոր պայմանավորվածությունների է գալու սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներում. զարմանալի չէ՞, որ այդ հանձնաժողովներն աշխատում են առանց շեղվելու այն ժամանակ, երբ Ադրբեջանը տորպեդահարում է բանակցային գործընթացը»,- ասել է Մամիջանյանը՝ չբացառելով, որ հանրության ուշադրությունն անվտանգային խնդիրներից շեղելուն միտված գործընթաց կարող է լինել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ընտանքի շուրջ կատարվողը։
«Ասել էի, չէ՞ ․ Փաշինյանը Նոյը չէ. չունի թիմի ընկալում, նա բոլորին փուռն է տալու»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը: Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է հակազդելու ընդդիմությունը, արձագանքել է․
«Մենք գոլորշի բաց թողնող չենք։ Վերջին փամփուշտն է մնացել»։