Թրամփը գիտի՝ երբ կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը
Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախագահական ժամկետի ավարտը, հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ Fox News-ի եթերում։
«Մինչև ընտրություններ 9 ամիս կա, ինչը երկար ժամանակ է։ Բոլոր նախադրյալները կան, որ այդ ընթացքում Երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի, քանի որ «ինչ-որ մեկը» չի կարողանում կատարել իր պարտականությունները»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով ԱՄՆ գործող նախագահին։
Նա հավելել է, որ աշխարհը ծիծաղում է Բայդենի վրա և չի հարգում նրան։
Նշենք, որ Երրորդ համաշխարհային պատերազմ սկսվելու մասին նմանատիպ կանխատեսումներ Թրամփը հնչեցրել է նաև նախկինում։ Մասնավորապես, հունվարին տված իր հարցազրույցներից մեկում նա նշել էր, որ Բայդենն իր քաղաքականության պատճառով «աշխարհը դժոխքի է վերածել, իսկ ԱՄՆ-ին էլ մղում է արյունալի պատերազմի»։
Նշենք նաև, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսված են նոյեմբերին։ Ինչպես գործող նախագահ Ջո Բայդենը, այնպես էլ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել են, որ առաջադրելու են իրենց թեկնածությունները՝ վերընտրվելու նպատակով։