Արաբական ծովում հաճախակի են դարձել ծովահենների հարձակումները՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով
Ծովահենության դեպքերը հաճախակի են դարձել ոչ միայն Սոմալիի ափերի մոտ, այլև Արաբական ծովում՝ եմենյան ապստամբ «Անսար Ալլահ» (հութիներ) խռովարարների շարժման և ԱՄՆ-ի գլխավորած ռազմածովային կոալիցիայի միջև հակամարտության սրման պատճառով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Բրազիլիայի ռազմածովային ուժերի դերծովակալ Անտոնիու Բրաշ դե Սոուզը։
Նշվում է, որ ըստ Folha de S.Paulo թերթի՝ Բրազիլիայի ռազմածովային ուժերը հունվարին ստանձնել են միջազգային ռազմածովային օպերատիվ միավորման հրամանատարությունը, որն ստեղծվել է Սոմալիի ափերի մերձակայքում նավագնացության ուղիների վրա ծովահենների հարձակումներին հակազդելու համար: Ըստ պարբերականի տեղեկատվության՝ Բրազիլիան արդեն երրորդ անգամ է գլխավորում օպերատիվ խումբը, սակայն 2021 և 2022 թվականներին «իրադրությունն այդքան լարված ու վտանգավոր չի եղել»։
«Մերձավոր Արևելքում հակամարտության սրման սկզբից ի վեր տեղի են ունեցել ծովահենների հարձակման մի քանի դեպքեր, ընդ որում ոչ միայն Սոմալիի ափերի մոտ, այլև ավելի քան հազար կմ հեռավորության վրա` Արաբական ծովում», - ասել է դերծովակալը:
Ըստ նրա՝ հանցավորությունը տարածաշրջան է վերադարձել հութիների և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի միջև փոխադարձ հարվածներից հետո։
2022 թվականի օգոստոսին Նավագնացության միջազգային պալատը և մյուս միջազգային պրոֆիլային կառույցները որոշել էին 2023 թվականի հունվարի 1-ից չեղարկել «բարձր ռիսկային շրջանի» կարգավիճակը Հնդկական օվկիանոսի համար այն պատճառով, որ Սոմալիի ափերի մոտ ծովահենությունը դադարել էր վտանգ ներկայացնել նավագնացության համար:
Գազայի հատվածում պաղեստինաիսրայելական հակամարտության սրումից հետո հութիները հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և նրա հետ կապված նավերին թույլ չեն տա անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև անկլավում գործողությունը չդադարեցվի: Ըստ վերջին տվյալների՝ հութիները 2023 թվականի նոյեմբերի կեսերից հարձակվել են ավելի քան 30 քաղաքացիական նավերի վրա Կարմիր ծովում և Ադենի ծոցում: