Իտալիայում բողոքի ակցիա անցկացնող ֆերմերները շարժվում են դեպի Հռոմ
Իտալացի ֆերմերները փետրվարի 5-ի առավոտյան 200 տրակտորներից բաղկացած շարասյունով շարժվել են դեպի Հռոմ՝ մշտական բողոքի ակցիա կազմակերպելու համար: «Արմենպրեսի» փոխանցմամբ` այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ցուցարարների միացյալ կոմիտեի ներկայացուցիչ Գալգանո Պալաֆերին։
«Շարասյունը կժամանի փետրվարի 5-ի երեկոյան, ներկայում բանակցություններ են ընթանում ոստիկանության հետ՝ քաղաքի մերձակայքում գտնվող երկու մայրուղիներից մեկում մեր կայանման վայրը որոշելու համար», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ֆերմերները դուրս են եկել Տոսկանայի հարավային նահանգներից, սակայն նրանց կմիանան գործընկերներ Իտալիայի այլ տարածաշրջաններից։
Իտալիայում անցյալ շաբաթվանից մեկնարկած ֆերմերների բողոքի ցույցերը տարածվել են երկրի տարբեր գյուղատնտեսական շրջաններում: Ի տարբերություն Ֆրանսիայում կամ Բելգիայում անցկացվող ակցիաների՝ դրանք այնքան էլ մեծաթիվ չեն և չեն հանգեցնում մայրուղիների փակման կամ ոստիկանության հետ բախումների։