Գարեգին Երկրորդ. Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում են դժվարին ժամանակաշրջանում
Փետրվարի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նախորդ օրը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական կոչման արժանացած տասնմեկ քահանաներին` առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի:
Ձեռնադրող Օշական Սրբազանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, իր երախտագիտությունը հայտնեց քահանայական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։
Նորաօծ եկեղեցականների անունից Հայոց Հայրապետին երախտագիտության խոսք ասաց Արժանապատիվ Տ․ Կոմիտաս քահանա Ղևոնդյանը՝ հավաստիացնելով, որ ամեն ջանք կներդնեն իրենց նվիրյալ ծառայությունը բերելու Հայ Եկեղեցու անդաստանում:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց նորաօծ հոգևորականներին՝ շնորհավորելով վերջիններիս քահանայական ձեռնադրության առիթով:
Վեհափառ Հայրապետը հորդորեց նորընծա եկեղեցականներին հոգևոր կոչման բարձր գիտակցությամբ ու սիրով լծվեն իրենց առաքելությանը՝ էլ ավելի բարձրացնելով Հայ Եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը:
Հայոց Հովվապետն ընդգծելով, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում են դժվարին ժամանակաշրջանում, պատգամեց նորաօծներին արդյունավորել իրենց հոգևոր սպասավորությունը հոգեխնամ ու կրթադաստիարակչական գործունեությամբ, Ավետարանի և սուրբ հայրերի պատգամների համաձայն հայորդիների մեջ հաստատել ու զորացնել սերը Հայ Եկեղեցու և Հայրենիքի նկատմամբ։
Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ քահանա հայրերն իրենց զորավոր հավատքով, նվիրյալ ու անսակարկ ծառայությամբ կկարողանան իրականություն դարձնել հայ ժողովրդի զավակների իղձերն ու տեսիլքներն ապագայի նկատմամբ։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց ձեռնադրող Սրբազան Հորը, ինչպես նաև Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատություններին ու լուսարարապետությանը եկեղեցականների պատրաստության և ձեռնադրության գործում ներդրած ջանքերի համար։
Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանա հայրերին և ընծայեց «Մաշտոց» ծիսարաններ: