ՀԱՄԱՍ-ը հրադադարի առաջարկին պատասխան է պատրաստում. մարտերը թեժացել են
Իսրայելի Պաշտպանության բանակն ուժեղացրել է ավիահարվածները անկլավի հարավում և կենտրոնում: ՀԱՄԱՍ-ի զինյալներն ակտիվացրել են հարձակումները Գազայի հատվածի այն շրջաններում, որոնք գրավել են իսրայելական ուժերը, գրում է Euronews-ը։
Գազայի հատվածի հարավում և կենտրոնական մասում վերջին 24 ժամում կրկին պայթյուններ են որոտացել։ Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել, այդ թվում՝ Դեյր էլ Բալահ քաղաքին։ Առնվազն 8 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել։
Ծանր մարտեր են սկսվել Խան Յունիսում և Գազայի հատվածի այն տարածքներում, որոնք արդեն գտնվում են Իսրայելի պաշտպանության բանակի վերահսկողության տակ։
Զինյալներն ուժեղացրել են հարձակումները իսրայելական զորքերի վրա պոտենցիալ զինադադարից առաջ: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ «խորհրդակցությունների վերջին փուլն ընթացքի մեջ է», և շուտով պատասխան կտրվի։
Մինչ այդ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կրկին մեկնում է մերձավորարևելյան շրջագայության, որը պատերազմի մեկնարկից հետո արդեն 5-րդն է։