Նոր Արեշում փլատակներից երկու դի են դուրս բերել
Փլատակներից երկու դի է դուրս բերվել, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Կնոջ դին արդեն տեղափոխվել է, հիմա էլ տղամարդունն են տեղափոխում։ Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են»,-նշեց նա։
Նշենք, որ երկու հոգու տեղափոխել են հիվանդանոց։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել՝ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։
Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալները։