«Մեգամոլ»-ում տղամարդուն դանակահարած անձի ինքնության վերաբերյալ առկա են տվյալներ, միջոցներ են ձեռնարկվում հայտնաբերելու ուղղությամբ
Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Դանակահարված և վնասվածքներով բուժկենտրոն տեղափոխված անձը ճանաչվել է տուժող։
«Հանցագործությունն առերևույթ կատարած անձի ինքնության վերաբերյալ առկա են տվյալներ, միջոցներ են ձեռնարկվում վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշեց Աբրահամյանը։
Նշենք, որ դանակահարված տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում վիրահատել են:
«Դանակահարված տղամարդը երեկ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ` կրծքավանդակի շրջանում կտրող-ծակող մի քանի վերքով և հարակից վնասվածքներով։ Վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում»,- այս մասին Aysor.am-ին ասել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանը։
Տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է։