The Guardian. Չի կարելի թույլ տալ, որ Meta-ն և Ցուկերբերգը ձևավորեն մարդկության հաջորդ դարաշրջանը
Երբ 20 տարի առաջ Facebook-ն առաջին անգամ գործարկվեց որպես քոլեջների սոցիալական ցանց, քիչ նշաններ կային, որ այն կդառնա այն, ինչ կա այսօր: Ընկերությունը, որն այժմ վերանվանվել է Meta, վերահսկում է մեր տեղեկատվական և հաղորդակցական համակարգերի կարևոր ենթակառուցվածքն ու հասանելիությունը հանրային դաշտ և կենտրոնական տեղ է զբաղեցնում թվային տնտեսության մեջ:
Ո՞վ կկանխատեսեր, որ ընկերությունը, որը հիմնադրվել է որպես քոլեջի ուսանողների համախմբման միջոց, կմեղադրվի ամբողջ աշխարհում հոգեկան առողջության վատթարացման, ցեղասպանական բռնության և հակադեմոկրատական պոպուլիզմի աճի մեջ:
Եվ այնուամենայնիվ, մենք հասել ենք դրան,The Guardian պարբերականի համար գրում է Բաց շուկաների ինստիտուտի Լրագրության և ազատության կենտրոնի տնօրեն Քորթնի Ռադշը:
Ըստ հոդվածագրի, վերջին տասնամյակում ընկերության սոցիալական ցանցերն ու հաղորդագրությունների փոխանակման ալիքները կապված են եղել ինքնագնահատականի և հոգեկան առողջության վատթարացման հետ, ներառյալ տագնապի, դեպրեսիայի և կախվածության աճը:
«Meta-ի հիմնական արտադրանքները՝ Facebook-ը, Messenger-ը, Instagram-ը և WhatsApp-ը, նպաստում են մարդկանց թրաֆիքինգին, թմրամիջոցների և վայրի կենդանիների ապօրինի առևտրին, ինչպես նաև երեխաների սեռական բռնության և շահագործման մասին նյութերի տարածմանը: Մարդիկ օգտագործում են սոցիալական լրատվամիջոցները և Meta հաղորդագրությունների հարթակները՝ քարոզչություն, ապատեղեկատվություն և տեղեկատվական պատերազմ վարելու համար՝ խաթարելով մեր տեղեկատվական էկոհամակարգերի ամբողջականությունը և ընտրություններն ամբողջ աշխարհում», - շեշտում է Ռադշը:
Մոտ 4 միլիարդ մարդ կանոնավոր կերպով օգտվում է Meta-ի հիմնական արտադրանքներից՝ տեխնոլոգիական հսկան դարձնելով ամենահզոր ընկերություններից մեկը մի շարք ոլորտներում՝ տվյալների հավաքումից և վերլուծությունից մինչև թվային գովազդ և հրատարակչություն: Meta-ն վերահսկում է ինտերնետ հասանելիությունը շատ երկրներում և որոշում է բովանդակություն ստեղծողների, ձեռնարկությունների և քաղաքական գործիչների կենսունակությունն ու շահութաբերությունն ամբողջ աշխարհում, գրում է հոդվածի հեղինակը։
«Եթե վերջին 20 տարիները մեզ ինչ-որ բան են սովորեցրել տեխնոլոգիական տիտան դարձած այս նախկին դուրսպրծուկի մասին, ապա դա այն է, որ մենք չենք կարող թույլ տալ, որ Meta-ն և Ցուկերբերգը միակողմանի ձևավորեն մարդկության հաջորդ դարաշրջանը: Քանի որ տեխնոլոգիաների աշխարհը տոնում է այս փուլանիշը, ժամանակն է պատասխանատվություն պահանջել Meta-ի նման հզոր տեխնոլոգիական ընկերությունների կողմից հասցված վնասների համար և ոչնչացնել տեխնոլոգիական հսկային՝ նախքան այն հետագա վնաս կհասցնի առանձին մարդկանց, հասարակությանը և տնտեսությանը: Meta-ի թվային ժառանգության ապամոնտաժումն անհրաժեշտ է, եթե մենք ցանկանում ենք վերականգնել վերահսկողությունը և փրկել ժողովրդավարությունը», - եզրակացրել է հոդվածագիրը։