Հիպոխոնդրիա․ հիվանդությո՞ւն, թե՞ հոգեբանական խնդիր
Հիպոխոնդրիան՝ հիվանդության տագնապային խանգարումը, դրսևորվում է սեփական առողջական վիճակի վերաբերյալ չափից դուրս մտահոգությամբ և անհանգստությամբ։
Խնդիրն ունեցող մարդիկ սովորաբար հակված են մտածելու, որ մարմնի նորմալ զգացողությունները կամ աննշան ախտանիշները ծանր հիվանդության նշաններ են, նույնիսկ եթե մանրակրկիտ բժշկական քննությամբ որևէ լուրջ առողջական խնդիր չի բացահայտվում:
Այս չափից ավելի անհանգստությունը, այլ ոչ թե բուն ֆիզիկական ախտանիշը, հանգեցնում է ծանր տագնապի, որը կարող է խաթարել կյանքի ռիթմը:
Հիպոխոնդրիան երկարաժամկետ վիճակ է, որը կարող է դրսևորվել տարբեր աստիճանի ծանրությամբ: Այն կարող է խորանալ տարիքի հետ կամ սթրեսի ժամանակ: Հոգեբանական խորհրդատվությունը և երբեմն դեղորայքը կարող են օգնել անհանգստությունների թեթևացմանը:
Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի կողմից հրապարակված հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկը որպես ախտորոշում այլևս չի ներառում հիպոքոնդրիան: Փոխարենը, նախկինում հիպոքոնդրիա ախտորոշված մարդկանց մոտ կարող է ախտորոշվել հիվանդության տագնապային խանգարում, որի դեպքում վախը և անհանգստությունը կենտրոնացած են անհարմար կամ անսովոր մարմնական զգացողությունների վրա՝ որպես ծանր առողջական խնդրի մասին վկայող ախտանիշներ:
Հիպոխոնդրիայի ախտանիշները կարող են ներառել՝
ծանր հիվանդություն կամ առողջական խնդիր ունենալու կամ հիվանդանալու վերաբերյալ մշտական մտահոգություն,
անհանգստություն այն մտքից, որ աննշան ախտանիշները կամ մարմնական զգացողությունները վկայում են ծանր հիվանդության մասին,
բժիշկներին այցելելու կամ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքների նկատմամբ քիչ վստահությունը կամ ընդհանրապես չվստահելը,
ընտանիքում առկա որևէ հիվանդության կամ դրա զարգացման ռիսկի մասին չափից դուրս մեծ անհանգստությունը,
օրգանիզմը բազմակի ստուգելը՝ որևէ հիվանդություն կամ հիվանդության ախտանիշներ հայտնաբերելու համար,
մարդկանցից խուսափելը՝ վախենալով ձեր առողջության հետ կապված վտանգներից,
ինտերնետում հաճախ որոնելը ախտանիշների պատճառների կամ հնարավոր հիվանդությունների վերաբերյալ էջեր, փոխանցում է Aysor.am-ը։