Բացահայտվել է տարվա աղմկահարույց քրեական դեպքերից մեկը
Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժինը բացահայտել է առանձնապես ծանր, մի քանի բազմադրվագ հանցագործություններ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները հետապնդել ու վնասազերծել են առանձնապես ծանր հանցագործությունների համար կասկածվող Արտաշ Խաչատրյանին, որը բերման է ենթարկվել ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և փոխանցվել ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ա․ Խաչատրյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով, 207-րդ հոդվածի 1-ին մասով, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ առանձնապես ծանր, միջին ծանրության և ոչ մեծ ծանրության՝ շորթման, ավազակային հարձակումներ, խարդախություն, ապօրինի բնակարան մուտք գործելու, վարորդական իրավունքի վկայականը կասեցված վիճակում ավտոմեքենա վարելու դեպքերով։
Ա․ Խաչատրյանը պարեկների կողմից բերման է ենթարկվել հունվարի 10-ին, պարզվել է, որ նա եղել է հետախուզման մեջ։ Նա եղել է Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով։ Կան տեղեկություններ, որ Porsche Cayenne-ը առևանգված է եղել։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Ա․ Խաչատուրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, դեկտեմբերի 10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի պարեկներից մեկի գլխավորությամբ իրականացվել էր օպերացիա, որի արդյունքում տաք հետքերով հայտնաբերվել էին առևանգված ավտոմեքենաներ։
Այդ օրը ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներից մեկը, չլինելով ծառայության մեջ, Արգել-Նոր Գեղի ճանապարհահատվածում ժամը 12։30-ի սահմանում ընթանալիս է եղել, երբ նկատել է Mercedes G մակնիշի 27 KP 007 համարանիշի և Toyota Land Crauser մակնիշի 33 JJ 303 համարանիշի ավտոմեքենաները։ Նա հիշել էր, որ Mercedes G -ի վրա տեղադրված համարանիշները իրենը չեն, այն պատկանում է ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքից գողացված Range Rover մակնիշի ավտոմեքենային։ Այդ մասին նա հեռախոսակապով տեղեկացրել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարին։ Վերջինս պարեկին հայտնել էր, որ նա շարունակի հետևել ավտոմեքենաների շարժին մինչև իրենք կհասնեն Նոր Գեղի։
Պարեկը շարունակել է հետապնդումը և նկատել, որ վերջինները Նոր Գեղի գյուղում՝ նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անվան փողոցի 2-րդ փակուղում կանգնեցնում են Mercedes G մեքենան, որի միջից վարորդը դուրս է գալիս և ուղևորվում է Toyota Land Crauser-ի մոտ, նստում այն և շարունակում են այս անգամ Toyota-ով երթևեկությունը՝ Ֆ․ Թևոսյան փողոցում։
Պարեկները կանգնեցնում են կասկածյալներին ու գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առակայությամբ ձերբակալում են Toyota Land Crauser-ի վարորդ, Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Արտաշ Խաչատրյանին և ուղևոր, Երևանի բնակիչ 23-ամյա Վաչագան Ս․-ին, ով պարզվում է եղել է Mercedes G-ի վարորդը։
Mercedes G մակնիշի ավտոմեքենայի հաշվառման իրական համարանիշը եղել է 53 PA 555, որ դեկտեմբերի 9-ին առևանգվել է Երևան քաղաքում և այդ առևանգման փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Ս․-ն և հայտնել, որ իր ավտոմեքենան Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքում առևանգել են։ Պարզվել էր նաև, որ Mercedes G-ի վրա տեղադրված 27 KP 007 համարանիշները պատկանում են օտարերկրացի Պունգավանան Կարունանիդհին պատկանող Range Rover-ին։