ՊՆ ՌՈ քրեականի պետի տեղակալը 7 հոգու հետ դաժան ծեծի են ենթարկել ԱԱԾ աշխատակցին՝ հղի կնոջ, մոր և երեխաների ներկայությամբ․ «Հրապարակ»
Oրեր առաջ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության քրեականի պետի տեղակալ Արթուր Ավագյանը 7 հոգու հետ դաժան ծեծի է ենթարկել Ազգային անվտանգության ծառայության N վարչության սպա, կապիտան Յուրա Դարբինյանին (վարչության անունը ծառայության գաղտնիությունից ելնելով չենք հայտնում)։ Դարբինյանը դաժանաբար ծեծի է ենթարկվել հղի կնոջ, երկու անչափահաս երեխաների եւ մոր ներկայությամբ։ Գրում է «Հրապարակ»-ը:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 14-ին կեսգիշերն անց՝ Մայակովսկի գյուղի սկզբնամասում, երբ Դարբինյանն իր անձնական մեքենայով վազանց է կատարել առջեւից դանդաղ ընթացող «Նիվա» մակնիշի «ՊՆ 8008 Մ» համարանիշով ՌՈ քրեականի պետի տեղակալին կցված մեքենան։ Խմիչքի ազդեցության տակ գտնվող «Նիվայի» վարորդը կանգնեցրել է ԱԱԾ աշխատակցին, ապա Արթուր Ավագյանն ու նրա ընկերը Դարբինյանին սպառնալից տոնով հորդորել՝ այլեւս երբեք վազանց չանել եւ մտապահել իրենց մեքենայի պետհամարանիշերը։
Լեզվակռիվ է սկսվել, այն ավելի չբարդացնելու համար Դարբինյանը ներկայացրել է ԱԱԾ աշխատակցի վկայականը։ ՌՈ քրեականի պետի տեղակալը ծաղրել է վերջինիս, նվաստացրել ԱԱԾ աշխատակցի պատիվն ու արժանապատվությունը, ապա ասել․ «Խի ես ուդոտ ցույց տալի, արա»։
Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։ 2 այլ մեքենայով մոտեցել են ՌՈ քրեականի պետի տեղակալի 5 ընկերները, ապա բոլորը միասին քարերով եւ ռետինե մահակով հարվածներ են հասցրել Յուրա Դարբինյանին, նրա մորը, քաշքշել ու գետնին են գցել նրա հղի կնոջը, օգնության հասած երեխային նետել են ձյան մեջ։
ՀՀ ՆԳՆ լրատվականից «Հրապարակ»-ի հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ հաղորդումը եւ կից կազմված փաստաթղթերը ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին։ Քրեական վարույթը գտնվում է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում։ Մեր տեղեկություններով ՌՈ քրեականի պետի տեղակալը, եւս 2 հոգի կալանավորվել են։
Նշենք, որ շատերին է հայտնի Յուրա Դարբինյանը Հայաստանի զինված ուժերում ունեցած իր հաջողություններով։ 2014թ․-ին լինելով Հայաստանի տանկիստների առաջին անձնակազմի հրամանատարը Ռուսաստանի Դաշնության «Ալաբինո» ուսումնական զորավարժարանում ընթացող «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումներին Հայաստանը զբաղեցրեց երկրորդ տեղը եւ մեր հավաքականը շնորհիվ Դարբինյանը շահեց Т-90 տանկ, որի արժեքը գնահատվում էր ավելի քան 10 միլիոն դոլար։