Փիղը հարձակվել է խանութ գնացող կնոջ վրա և տրորել նրան
Հնդիկ կնոջ վրա փիղը հարձակվել է այն ժամանակ, երբ նա մթերքներ էր գնում Կարնատակա նահանգի Վիրաջպետի մերձակայքում գտնվող գյուղում։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Hindustan Times-ը։
48-ամյա Մոլերա Ռատնան հանդիպել է կենդանուն խանութ գնալիս: Փիղը հարձակվել է կնոջ վրա ու տրորել նրան։ Նրան փրկել չի հաջողվել։
Տեղի բնակիչները, ովքեր իմացել են միջադեպի մասին, վրդովմունք են հայտնել իշխանությունների հասցեին: Նրանց խոսքով՝ իրենք բազմիցս դիմել են տեղի անտառտնտեսությանը՝ փղերի հետ կապված բողոքներով, որոնք շրջում են տարածքում և ոչնչացնում են բերքը։ Սակայն, ըստ բնակիչների, իրենց զանգերն անպատասխան են մնացել։
Հարձակումից հետո Վիրաջպետի ղեկավարն այցելել է Ռատնայի հարազատներին և ցավակցություն հայտնել նրանց։ Կնոջ ընտանիքի անդամներին որպես բարոյական փոխհատուցում տրվել է նաև 1,5 միլիոն ռուփիի չեկ։ Բացի այդ, նրանց կտրամադրվի ամսական չորս հազար ռուփի թոշակ հինգ տարի ժամկետով։ Վարչակազմի ղեկավարը անտառտնտեսության աշխատակիցներին հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նման միջադեպերը կանխելու համար։