Եղեգնաձորում դաժան ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը վաղաժամկետ ազատ է արձակվել. News.am
Եղեգնաձորում դաժան ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` նախկին մարզպետ, այժմ ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանն պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Այս մասին News.am-ին հայտնեց փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:
«Ծախված գործ է, մենք վաղաժամկետ ազատ արձակման դեմ բողոք ենք ներկայացնելու Վերքննիչ դատարան»,- ասաց նա:
Նշենք, որ Հարություն Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը սպաներին սուտ ցուցմունք տալու մեջ էր մեղադրել, այս պահին դատավարություն է ընթանում:
Հիշեցնենք, որ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ ՝ Հարություն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։
Հարություն Գրիգորյանին մեղսագրվող 118-րդ հոդվածով՝ ծեծի դրվագով, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն շուրջ 3 տարուց ավելի կոմայի մեջ գտնվելուց հետո ադպես էլ գիտակցության չգալով մահացել էր։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։