Մահացել է «Ռոքի» և «Գիշատիչ» ֆիլմերի աստղ Կարլ Ուեզերսը
76 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Կարլ Ուեզերսը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Euronews»-ը։ Մահվան պատճառը չի հաղորդվում, հայտնի է միայն, որ նա մահացել է քնած ժամանակ։
Ուեզերսը հայտնի է «Ռոքի» ֆիլմաշարում Ապոլլո Քրիդի դերով, «Գիշատիչում»՝ Ջորջ Դիլոնի դերով, «Երջանիկ Գիլմոր» և «Նիկի՝ կրտսեր-Սատանա» ֆիլմերում Չաբ Պետերսոնի դերերով, իսկ «Դանդաղ զարգացում» կատակերգական սերիալում նա մարմնավորել է իր իսկ կերպարի էկրանային տարբերակը: Ընդհանուր առմամբ Ուեզերսը նկարահանվել է 76 ֆիլմերում։
Դերասանի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել այնպիսի աշխարհահռչակ դերասաններ, ինչպիսիք են Սիլվեստեր Ստալոնեն, Առնոլդ Շվարցենեգերը, Ժան Կլոդ Վան Դամը․ Պեդրո Պասկալը։
Կարլ Ուեզերսը ծնվել է 1948 թվականի հունվարի 14-ին ԱՄՆ-ում։ Երիտասարդ տարիներին նա խաղում էր ամերիկյան ֆուտբոլ՝ պաշտպանելով «Օկլանդ Ռեյդերս» թիմի գույները։ Զուգահեռաբար հանդես էր գալիս տեղի թատրոնի բեմում։ Այնուհետև որոշ ժամանակ տեղափոխվել է Կանադա, որտեղ հանդես է եկել «Բրիթիշ Կոլումբիա Լայնզ» ակումբում։ Սակայն 1974 թվականին Ուեզերսն ավարտեց իր սպորտային կարիերան՝ որոշելով իրեն ամբողջությամբ նվիրել դերասանությանը։