930 նոր թափոնաման ու 2 հատուկ մեքենա. Երևանում թափոնների տեսակավորման և վերամշակման ծրագիրն ընդլայնվում է (տեսանյութ)
Թուղթ, պլաստիկ, ապակի ու նաև՝ ալյումին: Երևանում թափոնների տեսակավորման և վերամշակման ծրագիրն ընդլայնվում է: Այժմ քաղաքն արդեն ունի 930 նոր թափոնաման, որոնք կտեղակայվեն քաղաքի 300 տարբեր հատվածներում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվության վարչությունից։
Միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ինչպես նաև քաղաքապետարանի և առանցքային այլ կառույցների ներկայացուցիչներ:
«Ձեռք ենք բերել նաև սպասարկող երկու նոր բարձրակարգ մեքենա, որոնք կսպասարկեն ապակու թափոնամանները: Այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանի թափոնների կառավարման ռազմավարության մաս է: Նմանատիպ նախագծերը շարունակական են լինելու` ի նպաստ քաղաքացիների բարօրության և բարեկեցության»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Նախագիծը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է Եվրոպական միության հետ՝ «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրով: Այն մեկնարկել էր 2020-ին: Այժմ քաղաքում տեսակավորման թափոնամանների թիվը կհասնի 1200-ի:
«Ծրագրի հիմնական նպատակը վտանգավոր թափոնների կառավարումն է, որպեսզի ոչ միայն նվազեցնենք դրանք, այլև պատշաճ կառավարվեն: ԵՄ 1.5 մլն եվրո է տրամադրել այս նախաձեռնությանը»,-նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը:
«Թափոնամանների տեղադրմամբ մոտ 4 անգամ կավելանա վերամշակման հնարավորությունը: Սա ամենակարևոր բաղադրիչն է մեր այս ծրագրի, որին աշխուժորեն պետք է մասնակցեն նաև քաղաքացիները: Կոչ ենք անում միանալ ու միասին տեսակավորել թափոննները»,- նշել է ծրագրի խմբի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն:
Ոլորտի խնդիրները, մարտահրավերներն ու նաև նոր նախաձեռնությունների հնարավորությունները պատասխանատուները քննարկեցին արդեն առանձին:
Թափոնների կառավարումը քաղաքի համար ունի կարևոր բնապահպանական նշանակություն: Երևանը կանաչ ու մաքուր տեսնելու համար անհրաժեշտ է առաջնահերթորեն տեսակավորել աղբը:
Մանրամասները՝ տեսանյութում: