Վարդապետյան․«Ազնիվ բիզնեսը պաշտպանելը Գլխավոր դատախազության առաջնահերթություններից է»
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը:
Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Գլխավոր դատախազությունում և կարևորել նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները, որոնք նպաստում են երկու երկրների դատախազությունների համագործակցության ամրապնդմանն ու կարևոր հարցերի լուծմանը:
Գլխավոր դատախազը դեսպանին է ներկայացրել Դատախազության առաջնահերթ ուղղությունները՝ առանձնացնելով ապօրինի հարստացման, փողերի լվացման, կոռուպցիայի և կիբերհանցագործությունների դեմ պայքարը, պետական շահերի պաշտպանությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման «երիտասարդ» ինստիտուտի կատարելագործումը, հանքարդյունաբերության ոլորտում չարաշահումների դեմ պայքարը և այլն:
Դեսպանը Շվեդիայի Թագավորության աջակցությունն է հայտնել Գլխավոր դատախազության՝ վերոնշյալ ուղղություններով իրականացվող աշխատանքներին և հետաքրքրվել ազդարարման համակարգի նկատմամբ քաղաքացիների և բիզնեսի վստահությունը բարձրացնելուն ուղղված գործողություններով՝ հավելելով, որ շվեդական կապիտալով ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնես գործունեություն ծավալելու հեռանկարով: Աննա Վարդապետյանը, հարթակի գործունեության վերաբերյալ տեղեկություն տրամադրելով դեսպանին, ընդգծել է, որ ազնիվ բիզնեսը պաշտպանելը Գլխավոր դատախազության առաջնահերթություններից է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթական և տեխնիկական աջակցության ոլորտում համագործակցության հեռանկարներին»: