Էկոնոմիկայի փոխնախարարը տեղյակ չէ` մրցույթային ինչ գործընթացի է առնչվում քրգործը, բայց նկատել են` ներկայացվում են կեղծված փաստաթղթեր և ուռճացված ծախսեր
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն անդրադարձել է նախարարությունում բացահայտված կոռուպցիոն չարաշահումներով հարուցված քրեական գործին՝ նշելով, որ տեղյակ չէ, թե ինչ մրցույթային գործընթացին է առնչվում այն։
Խոջոյանն ասել է, որ իրավապահները նախարարությունում մնացել են մոտ 2 ժամ։
Ինչ վերաբերում է նախարարությունում հնարավոր կոռուպցիոն երևույթներին, Խոջոյանն ասել է. «Գյուղատնտեսության ոլորտում դեռ 2022 թվականին վարչության պետի կողմից բարձրաձայնվել են որոշ հարցեր և դրանք փոխանցվել են համապատասխան կառույցներին: Այնուհետ այդ հարցերի քանակի աճի որոշակի միտում ենք տեսել, դրանք շարունակաբար ներկայացվել են իրավապահ մարմիններին, որոնց հաջորդել են տարբեր տեսակի գործողություններ: Այդ գործողությունների արդյունքում հարցաքննվել են և՛ ֆերմերներ, որոնք, ըստ մեր դիտարկման, միգուցե կեղծ փաստաթղթեր են ներկայացրել, և՛ աշխատակիցներ: Կարծում եմ՝ հարցը այդ համատեքստում է դիտարկվել: Որքանով տեղյակ եմ, ինտենսիվ այգիների ծրագրի շրջանակներում քննչական կոմիտեում կա վարույթ»:
Փոխնախարարի խոսքով՝ ինտենսիվ այգիների ծրագրով երբ ֆերմերները դիմումներ են ներկայացնում, մոնիտորինգային խումբն իրականացնում է տեղազննում, որ տվյալ պահին այգի չկա, ու մարդը նոր պետք է սկսի գործողություններ իրականացնել․ «Այդ փաստաթղթի հիման վրա մենք կնքում ենք պայմանագիր: Դրանք չեն համակարգվում մեկ մարդու կողմից, հատուկ առանձնացված են, որպեսզի մեկը մյուսին կարողանա վերահսկել: Այգին հիմնելուց հետո, երբ խոսքը վերաբերում է ծախսերի փոխհատուցմանը, մարդիկ ներկայացնում են իրենց փաստաթղթերը: Ներկայացնում են հաշիվ–ապրանքագրեր, պայմանագրեր, տարբեր տեսակի ծախսեր հավաստող փաստաթղթեր: Մոնիտորինգը ուսումնասիրում է, թե արդյոք այգին առկա՞ է, արդյոք ծառերի քանակը, կպչունակությունը, կաթիլային ոռոգման տեխնոլոգիաները համապատասխանո՞ւմ են: Դրանից հետո նոր տալիս է եզրակացություն: Ծրագրերի իրականացման վարչությունը պարզապես համեմատում է, որ այդ ծախսերը իդենտիկ լինեն կառավարության որոշմամբ սահմանվածին:
Նկատել ենք, որ իրավապահ մարմիններին մեր փոխանցած փաստաթղթերը որոշ մարդիկ, շահառուներ կեղծում են և նախարարություն ներկայացնում ուռճացված ծախսեր: Մենք կարծում ենք, որ իրավապահները պատշաճ ձևով ուսումնասիրություն կիրականացնեն, և այն մարդիկ, որոնք մեղավորություն ունեն, կներգրավվեն գործի շրջանակներում»: