Ադրբեջանում պատրաստում են Հայաստանի հանքավայրերի քարտեզը
Ադրբեջանում մշակվում է հայկական լեռնահանքային հանքավայրերի քարտեզ։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի քարտեզագիրների հասարակական ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը։
Նրա խոսքով՝ այդ քարտեզը 40 տոկոսով պատրաստ է. «Այս քարտեզների շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե Հայաստանում որտեղ են գտնվում հանքային պաշարները։ Քարտեզն ընդգրկելու է Հայաստանի ողջ տարածքը, այլ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հանքարդյունաբերական ձեռնարկությունների տեղակայման վայրերը։ Միաժամանակ քարտեզը կպարունակի նաև բնապահպանական տեղեկատվություն, օրինակ, թե որ գետերն են աղտոտված, որ նյութերով և որտեղ են թափվում այդ թափոնները։ Քարտեզի շնորհանդեսը նախատեսված է չորս ամսից։ Քարտեզը լինելու է ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն»։
Մուգաբիլ Բայրամովն ասել է, որ քարտեզը կազմվելու է ադրբեջանական տեղանուններով. «Մենք մտադիր ենք այս քարտեզները բաժանել COP29 համաժողովի մասնակիցներին, որը կանցկացվի մեր երկրում»: