Էկոնոմիկայի նախարարության կոռուպցիոն չարաշահումների գործով անցնող 7 անձից 4-ը պաշտոնյա է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հայտնաբերված կոռուպցիոն չարաշահումների գործից ՀՀ Քննչական կոմիտեն Aysor.am-ին մանրամասներ է հայտնել։
Ըստ ՔԿ-ի՝ հունվարի 31-ին հրապարակված հաղորդագրության մեջ նշված քրեական վարույթներից մեկով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 4-ը պաշտոնատար անձինք են, 3-ը՝ այլ։
«Դատարանն ամբողջությամբ բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված՝ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ 6 միջնորդություններից 4-ը, իսկ 2-ը բավարարել է մասնակի։
Մասնավորապես, մեկով խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, մյուսով կալանքը կիրառել է 1 ամսով։
Ընդհանուր առմամբ, 3 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 1-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Մյուս քրեական վարույթով հունվարի 31-ին ձերբակալված պաշտոնատար անձի նկատմամբ ևս, բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, դատարանը որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը»,- հայտնեցին ՔԿ-ից։
Նշենք, որ այս գործի շրջանակներում ձերբակալվել էր նաև ՀՀ էկոնոմիկայի արդեն նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։