Գերմանիայում գործադուլ են անում մետրոյի, ավտոբուսների և տրամվայների վարորդները
Գերմանիայում փետրվարի 2-ին անցկացվում են քաղաքային հասարակական տրանսպորտի աշխատողների գործադուլներ, որոնք ընդգրկել են գրեթե ամբողջ երկիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Գործադուլին մասնակցում են մետրոյի, ավտոբուսների և տրամվայների վարորդները։ Գործադուլն անցկացվում է բոլոր դաշնային երկրամասերում, բացառությամբ Բավարիայի։
Տարածքով ամենափոքր Սաար դաշնային երկրամասում գործադուլն սկսվել է փետրվարի 1-ին։ Բողոքի միջոցառումները մեծամասամբ կավարտվեն փետրվարի 3-ի գիշերը, իսկ Բեռլինում՝ փետրվարի 2-ին, առավոտյան ժամը 10-ին։ Բավարիայում գործադուլներ չկան, քանի որ այս դաշնային երկրամասում ներկայում սակագնի շուրջ բանակցություններ չեն ընթանում։
Ver.di արհմիությունը ձգտում է հասնել իր 90 հազար անդամների աշխատավարձերի բարձրացման՝ Գերմանիայում մեծացող գնաճի ֆոնին, ինչպես նաև աշխատանքային պայմանների բարելավման։ Բրանդենբուրգում գործադուլավորները պահանջում են աշխատավարձի բարձրացում 20 %-ով, բայց ամսական 650 եվրոյից ոչ պակաս։ Բացի աշխատավարձից, Ver.di-ն հասարակական տրանսպորտի վարորդների համար պահանջում է աշխատանքային օրվա կրճատում, հանգստի համար ընդմիջումների ավելացում հերթափոխների միջև և ավելի երկար արձակուրդ՝ համապատասխան ֆինանսական հավելումով:
Արհմիությունում նշում են, որ նման բարելավումները Գերմանիայում ավելի գրավիչ կդարձնեն հասարակական տրանսպորտի վարորդների աշխատանքը և թույլ կտան կրճատել անձնակազմի պակասը։