Բայդենը պատժամիջոցներ է սահմանել իսրայելցի նորաբնակների նկատմամբ՝ պաղեստինցիների դեմ բռնությունների համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաման է ստորագրել, որով պատժամիջոցներ են սահմանվել Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցի 4 նորաբնակների նկատմամբ․ նրանք, ըստ ԱՄՆ վարչակազմի, բռնություններ են կիրառել պաղեստինցիների դեմ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Washington Post պարբերականը՝ նշելով, որ սա ամենալուրջ գործողությունն է, որ Վաշինգտոնը ձեռնարկում է իսրայելցիների դեմ՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։
Փետրվարի 1-ին ԱՄՆ վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ լրագրողներին հայտնել են, որ նշված հրամանը համարժեք է այն պատժամիջոցներին, որոնք սահմանվում են ահաբեկիչ ճանաչված անձանց նկատմամբ։ 4 նորաբնակների համար անհասանելի կդառնան ԱՄՆ-ում ունեցած սեփականությունը կամ ակտիվները, և նրանք չեն կարողանա ստանալ ֆինանսավորում, ապրանքներ կամ ծառայություններ, որոնք անցնում են ամերիկյան ֆինանսական համակարգով։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ պատժամիջոցների ենթարկված անձանցից յուրաքանչյուրը պատասխանատու է Հորդանան գետի արևմտյան ափին «անթույլատրելի բռնությունների» համար։ Նրանց գործողությունները ներառում են պաղեստինցիների սեփականության հրկիզումներ, քարերի նետում պաղեստինցի ֆերմերների վրա, սպառնալիքներ և այլն։
Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Բայդենի ստորագրած հրամանի կարիքը չկար, քանի որ «Իսրայելը գործողություններ է ձեռնարկում բոլոր օրինազանցների նկատմամբ ամենուր»։
Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերը միջազգային օրենքով համարվում են անօրինական։ Նման դիրքորոշում է ունեցել նաև ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ, սակայն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2019 թ․ հայտարարեց, որ Վաշինգտոնը իսրայելական բնակավայրերն անօրինական չի համարում։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժել էին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով շուրջ 250-ին, որոնց մի մասն ազատ է արձակվել կողմերի միջև նոյեմբերին տեղի ունեցած 7-օրյա հրադադարի ժամանակ։ Իսրայելն այս հարձակումից հետո պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 27 000-ը։
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից հունվարի 31-ը Հորդանան գետի արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, սպանվել է 370 պաղեստինցի, որոնց թվում կա 94 երեխա։ Նրանցից 360-ը սպանվել է իսրայելական ուժերի կողմից, 8-ը՝ նորաբնակների, 2-ը՝ անհայտ անձանց։
Պաղեստինյան առողջապահական իշխանությունների տվյալներով՝ Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 27 019-ի, վիրավորների թիվը՝ 66 139-ի։