Գիտնականները պարզել են ձեռքով գրելու առավելությունները ուղեղի համար
Ձեռագիր նշումներ անելը ավելի լավ է կապեր զարգացնում ուղեղի հատվածների միջև, քան ստեղնաշարով մուտքագրելը: Դա ցույց է տվել հետազոտությունը, որը հրապարակվել է Frontiers in Psychology ամսագրում։
Գիտնականները վերլուծել են ուղեղի գործունեության տվյալները, որոնք հավաքագրվել են էլեկտրաէնցեֆալոգրամայի (EEG) միջոցով համալսարանի 36 ուսանողներից: Ուղեղի ակտիվությունը չափելիս նրանց մի քանի անգամ խնդրել են գրիչով գրել կամ ստեղնաշարով մուտքագրել էկրանին հայտնված բառը։ Նրանք ձեռագրի համար օգտագործել են թվային գրիչ և սենսորային էկրան, իսկ ստեղնաշարով մուտքագրելիս սեղմել են կոճակները մեկ մատով։
Ուղեղի տարբեր հատվածներում ակտիվությունը մեծացել է, երբ մասնակիցները գրել են գրիչով, ոչ թե ստեղնաշարով: Գիտնականները կարծում են, որ գրիչ օգտագործելիս զգայարաններից ստացված տեսողական և շարժիչ տեղեկատվությունը ավելի լավ է նպաստում ուղեղում ուսուցման համար անհրաժեշտ կապերի ձևավորմանը։ Ստեղնաշարով մուտքագրելիս պարզապես կոճակները սեղմելը ավելի քիչ է խթանում ուղեղը:
«Սա նաև բացատրում է, թե ինչու երեխաները, ովքեր սովորում են գրել և կարդալ պլանշետի վրա, կարող են դժվարություններ ունենալ միմյանց հայելային պատկերող տառերի հետ, ինչպիսիք են «B» և «D»: Նրանք բառացիորեն չեն զգում այս տառերը»,- նշել են գիտնականները։
Թեև ստեղնաշարով մուտքագրումն ունի բազմաթիվ առավելություններ (ներառյալ արագությունը), արժե ժամանակ առ ժամանակ օգտագործել ձեռագրեր, եզրակացրել են գիտնականները, փոխանցում է shantnews.am-ը։