Հայոց Ցեղասպանությունը Դավութօղլուն անվանել է «1915 թվականի դեպքեր» և այն որակել որպես ընդամենը «տեղահանություն»
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդին մասնակցելու համար Երևան այցելելուց հետո ուշագրավ հայտարարություններ է արել թուրք լրագրողների հետ զրույցում՝ Հայոց ցեղասպանությունը որակելով որպես «անմարդկային տեղահանություն»։
Թուրքական հեղինակավոր «Հյուրիյեթ» պարբերականի թղթակիցը, ով ներկա է եղել Դավութօղլուի զրույցին, փոխանցել է նրա արտահայտած մտքերը։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ Դավութօղլուն այն կոչել է «1915 թվականի դեպքեր» և դրանք «սխալ ու անմարդկային» որակել։
«Ասում ենք «արդար հիշողություն», որը նշանակում է, որ մենք պետք է տիրապետենք փաստերին։ Այդ պահին էլ կտեսնենք, որ հայ-թուրքական հարաբերությունները, ասենք, նման չեն գերմանացիների և հերաների հարաբերություններին։ Ամեն փողոցում մենք մի ընդհանուր հետք ունենք։ Տեղահանության ժամանակ կատարվածը ամբողջովին սխալ մի քայլ եմ համարում։ «Իթթիհաթ վե Թերաքի» կուսակցության կատարածը ես սխալ ու անմարդկային եմ համարում»,-նշել է Դավութօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններիննշելով, թե իրենց հիմնական նպատակը լոկ սահմանը բացելը չէ, այլ Կովկասում խաղաղության ու կայության հաստատման համար պայմանների ստեղծումը։ Նա հավելել, թե այս ամենի համար երեք «ոտք» է պահանջվում ունի։
Առաջին «ոտքը» Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն են։ «Մենք Բաշար Ասադի հետ բարեկամ էինք, սակայն այժմ չեմ կարող Դամասկոս այցելել, ինչպես այցելեցի Երևան։ Այսօր նույնիսկ բարևելն է բարդ,-նման օրինակ է բերել Դավութօղլուն։
Երկրորդ «ոտքը» Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն են, որը, ըստ թուրք նախարարի, կարելի է անգամ «տարածաշրջանում էթնիկ խաղաղության հաստատում կոչել»։ «Անգամ Վրաստանի ու Աբխազիայի հարաբերություններն այստեղ կապ ունեն»,-շեշտել է թուրք նախարարը Դավութօղլուն։
Եվ երրորդ «ոտքը», ըստ Դավութօղլուի, անմիջապես հայ և թուրք ժողովուրդների միջև հարաբերություններն են, այսինքն՝ Լոս Անջելեսում, Փարիզում, Մոսկվայում, որտեղ էլ որ լինի հայերի ու թուրքերի միջև առկա խնդիրների լուծումը։ Այս մասին գրում է allTurkey.am-ը:
«Երեք ոտքերից մեկը եթե վնասվի, խնդիրներ կառաջանան։ Օրինակ, եթե սահմանը բացեցինք, վաղը եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ սկսվի, ստիպված ենք լինելու կրկին փակել այն»,-հավելել է Դավութօղլուն։
Հավելենք, որ 2015 թվականին ընդառաջ, երբ լրանալու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Թուրքիան ակտիվացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման։ Այս կերպ Անկարան փորձելու է ցույց տալ միջազգային հանրությանը, թե քայլեր է ձեռնարկում հայերի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, իսկ Ցեղասպանության ճանաչումը կարող է միայն այդ գործընթացին խանգարել։ Այսպիսով, թուրքական կողմը փորձելու է մեղմել 2015 թվականի ազդեցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվացման վրա։