Ստյոպա Սաֆարյանը՝ տրանսպորտի թանկացման, Հրանտ Թոխատյանի հետ վեճի, թոշակների և Րաֆֆի Հովհաննիսյանի մասին
Թե ինչպես է Ստյոպա Սաֆարյանի առողջական վիճակը, ինչ կլինի, եթե թանկանա տրանսպորտը, սկանդալի առիթ դարձած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի կռվի վերջը, թե որտեղ է Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս և այլ հարցերի վերաբերյալ Operativ.am-ի թղթակիցը զրուցեց Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանի հետ:
-Պարո՛ն Սաֆարյան, հաշվի առնելով Հրանտ Թոխատյանի սպառնալիքները (Հրանտ Թոխատյանն ավագանու նիստից հետո սպառնացել էր ծեծել Ստյոպա Սաֆարյանին), ուզում եմ տեղեկանալ՝ ինչպե՞ս եք:
-Վախեցած, մեղմ ասած: Ինքը միակը չէ, ով նման «դեբոշներ» է սարքում և որի վրա ազդում է «Ժառանգության» ելույթները: Լրագրողները միայն այդ դրվագն են նկատել, սակայն բոլոր նիստերի ժամանակ էլ բախումներն անխուսափելի են հանրապետական մտավորականների հետ:
-Կմասնավորեցնե՞ք, թե խոսքը հատկապես ինչի մասին է:
Իրենք ծանր են տանում այն, որ հայտնվել է մի թիմ, որը խոսում է Երևանի խնդիրների մասին և որի կողքին իրենք վատ են զգում, թե ինչու է իրենց դեմքը պատռվում և հեղինակությունը փլուզվում: Նույն այդ նիստի ժամանակ նիստից դուրս եկավ Լևոն Իգիթյանն՝ ասելով, որ սա հիվանդանոց է: Ակնհայտորեն նյադայնացած էր «Բարև Երևանի» ելույթներից: Մարդիկ չեն ուզում, որ այնտեղ ելույթներ լինեն, սովետական բոլշևիկյան սիստեմով քվեարկություններ լինեն: Նախկինում չի եղել «Բարև Երևանը», եղել է «Բարգավաճ Հայաստանը» և իրենք: Նախկինում հաշտ-համերաշխ, նախկին ավագանիով, առանց ելույթների և Երևանի խնդիրների մասին խոսելու օրեր են մթնացրել: Հիմա մենք խախտում ենք այդ ավանդույթը, և նիստերը բավականին հետաքրքիր բովանդակություն են ստացել և ակնհայտորեն նրանք նեղվում են, որ տեսնում են, որ իրենք Երևանի խնդիրների հետ կապ չունեն:
-Այս օրերին, երբ մոտենում է հունվարի մեկը, և ձյունն էլ իրենն արդեն անում է, որքանո՞վ է իրատեսական տրանսպորտի թանկացումը և ի՞նչ կլինի, եթե տրանսպորտը թանկանա հենց հունվարի 1-ին: Նկատի ունեմ ձյունն ու Նոր տարին չե՞ն խանգարի մարդկանց պայքարին:
-Սկսեմ վերջից՝ ինչ կլինի: Կլինի ընդվզում, մենք թույլ չենք տա որպեսզի ապօրինի որոշումը կյանքի կոչվի: Այս պահին մեր բողոքը գնվում է Վճռաբեկ դատարանում: Այդ որոշումները ոչ իրավաչափ են և դրանք չեն կարող կյանքի կոչվել: Ինչ վերաբերում է հանձնաժողովի, այսպես կոչված «եզրակացության» հրապարակմանը, ապա այդ հանձնաժողովը չի ներկայացնում հանրային շահը: Այդ հանձնաժողովն անգամ արհեստավարժ չես անվանի: Այն ստեղծվել է, որպեսզի լեգիտիմություն հաղորդվի ոչ իրավաչափ ընդունված որոշումներին: Հետևապես հանձնաժողովի որոշմանը չի կարող հաղորդել լեգիտիմություն:
Հասարակության հետ մենք պայքարելու ենք ու թույլ չենք տալու, որպեսզի տրանսպորտի թանկացում լինի:
-Կլինե՞ք կազմակերպողներից մեկը:
-Անպայման, կլինենք առաջին կազմակերպողներից մեկն, ինչպես նախորդ անգամ կոչով հանդես եկանք, դուրս գալ քաղաքապետարանի դիմաց, հիմա նույն կոչով դիմելու եմ:
-Այսինքն՝ Նոր տարին, ձմեռը, ձյունը չե՞ ն խանգարի:
-Նշանակություն չունի, եթե մարդկանց հաշվարկը դա է, ապա ցավում եմ, դա սխալ հաշվարկ է:
-Պարո՛ն Սաֆարյան, երեկ Արծվիկ Մինասյանը վարչապետին ասաց՝ կհանդիպենք Սահմանադրական դատարանում: Խոսքս իհարկե պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի մասին է: Ձեր վերաբերմունքը:
-Ես նույնպես խոսել եմ այդ խնդրի մասին: Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը հակասահմանադրական է բավականին շատ առումներով: Պետությունը, որքանով իրավունք ունի պարտադրելու և սահմանելու պարտադիր վճարներ, այդուամենայնիվ կուտակային կենսաթոշակների մասին օրենքում կառավարությունն անցել է մի սահման, որտեղ խախտվում է քաղաքացիների իրավունքները: Նա իրավունք չունի քաղաքացիներին ստիպելու, որպեսզի նրանք ստեղծեն իրենց համար լրացուցիչ հնարավորություններ, արդեն կուտակված կենսաթոշակի վրա դրդի նրանց խաղալու տարբեր ֆոնդային բորսաներում: Իրավունք չունի նաև պարտադրելու նրանց, թե ինչպես տնօրինեն իրենց եկամուտը որպես սեփականություն:
-Պարոն Սաֆարյան, խոսենք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի մասին: Ի՞նչ փուլում է գտնվում այդ տարաձայնությունը:
-Հանգուցալուծումն այն է, որ հայցադիմումը պատրաստվում է, իրավաբանները մշակում են դա, և առաջիկայում այն ներկայացվելու է, մենք ետ չենք կանգնելու մեր պահանջից: Դա լեզվի մասին օրենքի խախտմամբ հեռարձակվող հաղորդում է: Կազմակերպիչներն, ինչպես նաև հեռուստատեսությունը, պարտավոր են կամ ուղղակի փոխել լեզուն, կամ դադարեցնել հեռարձակումը:
-Եվ վերջում, պարոն Սաֆարյան, Րաֆֆի Հովհաննիսյանի և հատկապես վերջինիս առողջական վիճակի մասին խոսակցությունները կարծեք թե չեն դադարում: Որտե՞ղ և ի՞նչ առողջական վիճակում է նա:
-Ես Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական խնդիրներից տեղեկություններ չունեմ: Գիտեմ, որ մասնավոր այցով գտնվում է արտերկրում:
Զրուցեց Աստղիկ Հովհաննիսյանը