Պետք է ընտրենք՝ կարմիր շորը փոխո՞ւմ ենք, թե՞ գնում ենք, ցուլին բացատրենք, թե ինչու ենք կարմիր շոր հագել. Փաշինյան
«Դիվերսիֆիկացիա»` մարդիկ ընկալեցին, երեք անգամ դա կլսեն, բայց չորրորդ անգամից կասեն՝ հասկացանք, մի հատ կոնկրետացրեք՝ «դիվերսիֆիկացիա»-ն ի՞նչ է նշանակում»,- Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով պաշտպանության ու ռազմատեխնիկական ոլորտներում տարբեր երկրների հետ հարաբերություններին, նաև Հայաստանի Զինված ուժերի ռեֆորմների հայեցակարգի բացակայությունը։
«Օրինակ՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ ենք ունենալու, ունենալո՞ւ ենք, թե՞ չենք ունենալու։ Վրաստանի հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ ենք ունենալու, ունենալո՞ւ ենք, թե՞ չենք ունենալու։ Միացյալ Նահանգների հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ ենք ունենալու, ունենալո՞ւ ենք, թե՞ չենք ունենալու։ Ռուսաստանի հետ մեր անվտանգային հարաբերությունները փոխվելո՞ւ են, թե՞ չեն փոխվելու, ո՞նց են փոխվելու։ Հիմա մենք մնո՞ւմ ենք ՀԱՊԿ-ի անդամ, թե՞ չենք մնում ՀԱՊԿ-ի անդամ։ Մենք Ֆրանսիայի հետ ի՞նչ հարաբերություններ ենք կառուցում։
Այստեղ խնդիրը հետևյալն է, որ այդ հայեցակարգն ինքը որպես դեկլարացիա արդեն հռչակված է, և մենք պետք է ձևակերպենք այնպիսի հայեցակարգ, որի իրագործման շուրջ առնվազն ունենք պայմանավորվածություններ, և ես կարծում եմ, որ մենք, այո, այս տարվա ընթացքում պետք է այդ հայեցակարգն ավարտենք։ Այստեղ կոնցեպտուալ մոտեցում կա, ինքը տեսական փաստաթուղթ է, որը պետք է ընդունենք և դրա իրագործման ձևերը հասկանանք, թե ինքը, այնուամենայնիվ, 50-50 հա՛մ տեսական, հա՛մ գործնական է, որի տեսությունը կա, և որի պրակտիկայի պայմանավորվածությունները որոշակի փաստաթղթերով, պայմանագրերով արդեն ամրացված են։
Տեսեք. մենք ասել ենք՝ գնում ենք պրոֆեսիոնալ բանակի։ «Պաշտպան հայրենյացը» մեր էներգիան ապահովող ծրագիրն է, որը մի հոյակապ բարեփոխում է, բայց այս ամեն ինչով այդ հայեցակարգը պետք է ունենա քաղաքական կոնտեքստ։
Այսօր մենք այդ հայեցակարգի քաղաքական կոնտեքստի մասին խոսեցինք: Այդ բանակն ի՞նչ խնդիր ունի լուծելու. այդ բանակը խնդիր ունի լուծելու պատմական արդարությունն ապահովելու կամ վերականգնելո՞ւ, թե՞ այդ բանակն ունի Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անվտանգությունն ապահովելու խնդիր և ոչինչ ավելի։ Եվ Ձեր արձագանքն էլ է շատ կարևոր, որովհետև կա նաև ուրիշ ճանապարհ, որ մենք ձևակերպենք. ինչ նկատի ունենք «պատմական արդարություն» ասելով։ Կարող է «պատմական արդարություն» ասելով նկատի ունենք հենց Հայաստանի ինքնիշխան տարածքը, պետությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը և անկախությունը։ Այստեղ մեկ ուրիշ խնդիր էլ կա. զգույշ պետք է լինենք այն առումով, որ մենք կրկին, ալեգորիաների լեզվով խոսելով, պետք է ընտրենք՝ կարմիր շորը փոխո՞ւմ ենք, թե՞ գնում ենք ցուլին բացատրենք, թե մենք ինչու ենք կարմիր շոր հագել։ Սա էլ է ընտրության հարց, և իմ ասելիքն այն է, որ մենք պետք է այս լրջության և այս մակարդակի, այս խորությամբ հարցերը դիտարկենք և քննարկենք»,- ասել է նա։