ԱՄՆ կոնգրեսականները սոցցանցերի ղեկավարներին մեղադրել են երեխաների անվտանգությունը չապահովելու համար
Սոցիալական մեդիայի «հսկաները» հունվարի 31-ին կանգնել են ԱՄՆ կոնգրեսի առաջ, որտեղ լսումներ են անցկացվել սոցիալական հարթակներում երեխաների անվտանգության վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը։
Սենատի դատական հարցերով հանձնաժողովի առաջ ցուցմունք են տվել Meta, TikTok, Snap, Discord և X (նախկինում՝ Twitter) ընկերությունների գործադիր տնօրենները։ Սենատորները մեղադրել են ընկերություններին, որ նրանք բավարար միջոցներ չեն ձեռնարկում իրենց հարթակներում երեխաներին պաշտպանելու համար։
Լսումներին ներկա էին նաև երեխաների ծնողները, որոնք պնդում էին, որ իրենց երեխաները սոցիալական հարթակներում ոտնձգությունների ենթարկվելու պատճառով տառապել են կամ մահացել։
«Պարո՛ն Ցուկերբերգ (խմբ․ Meta-ի հիմնադիր), գիտեմ՝ ոչ դիտավորյալ, բայց Ձեր և մեր առջև կանգնած մյուս ընկերությունների ձեռքերն արյունոտ են: Դուք ունեք արտադրանք, որը սպանում է մարդկանց», - ասել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը։
Ցուկերբերգը ներողություն է խնդրել սոցցանցերից տուժած երեխաների ծնողներից: Snap ընկերության գործադիր տնօրեն Էվան Սպիգելը նույնպես ներողություն է խնդրել այն ընտանիքներից, որոնց երեխաները մահացել են Snapchat սոցցանցի միջոցով թմրանյութեր գնելու համար։
CNBC-ն նշում է, որ ԱՄՆ կոնգրեսի երկու կուսակցությունների անդամները միասնական են եղել այն հարցում, որ սոցիալական հարթակները չեն կարողանում պատշաճ կերպով անդրադառնալ, այսպես կոչված, «առցանց հարթակում երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների ժանտախտի» խնդրին։ Կոնգրեսի անդամներն այն կարծիքին են, որ հարկավոր է ավելի շատ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ընկերություններն իրենց սոցիալական հարթակներում պաշտպանեն երեխաներին։