Փաշինյանն անդրադարձել է «Հայաստանի պատմություն - Հայոց պատմություն» քննարկումներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում անդրադարձել է «Հայաստանի պատմություն - Հայոց պատմություն» քննարկումներին:
«Բայց տարբերությունը ո՞րն է: Մեզ համար դա խնդիր չէ, մեզ համար հենց այդպես էլ պետք է լինի: Բայց եկեք կողքից նայենք, ասենք, մի րոպե՝ Հայաստանի Հանրապետությունն ինչի՞ իր բանակը չի անվանում Հայաստանի Հանրապետության բանակ, այլ Հայոց բանակ, հայերի բանակ: Բայց, կներեք, հայեր կան ամեն տեղ. հայեր կան Թուրքիայում, հայեր կան Իրանում, հայեր կան Վրաստանում, ամեն տեղ: Այսինքն՝ մի րոպե, այս բանակն այն հայերի բանակն է, այն հայերի ինչի՞ն է պետք բանակը: Պատկերացրեցի՞ք: Լավ, ամենահեռու երկրի անունը տամ, որ բան չլինի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայերին բանակն ինչի՞ համար է պետք:
Հասկանո՞ւմ եք, ընկալման ինստիտուցիոնալ մակարդակներ կան, որ երկրները բառերը, խոսույթները, գործողությունները, ժեստերն ընկալում են ինստիտուցիոնալ մակարդակով:
Եվ ի՞նչն է իմ ասածը: Իմ ասածը հետևյալն է, որ մենք պետք է կառավարենք մեր նկատմամբ գոյություն ունեցող ագրեսիվությունը, բայց նախ պետք է հասկանանք, թե ինչն է այդ ագրեսիվության պատճառը, որովհետև ես Ձեր փոխարեն լինեմ, կասեմ մի րոպե, Դուք տեսե՞լ եք, թե Ադրբեջանն ինչ է ասում, տեսե՞լ եք՝ Ադրբեջանն ասում է «Արևմտյան Ադրբեջան», «Զանգեզուրի միջանցք», «Երևանը ադրբեջանական քաղաք» և այլն: Այո, ես տեսել եմ և հասկանալիորեն, դա մեր օրակարգի անբաժանելի մաս է, բայց ես ասում եմ՝ եկեք մենք խոսենք մեզ հետ և մեր մասին, որովհետև երբ մենք մեզ հետ և մեր մասին խոսակցությունը կարողանանք ճիշտ հունի մեջ դնել, մեր այդ սպառնալիքները կառավարելու ընդունակությունն ու գործիքներն ավելի կմեծանա:
Այսինքն՝ այդ կարմիր շորի հարցն է պետք լուծել, բայց կարմիր շորը փոխելով այլ երանգի շորով՝ մենք երաշխիք չենք ստանում, կարմիր շորով մենք նեգատիվ երաշխիք ենք ստանում, մյուս շորով մենք շանս ենք ստանում, բայց ոչ երաշխիք: Եվ եթե գրագետ գործենք՝ այդ շանսը կդարձնենք երաշխիք»,- ասել է նա: