Ժամանակ ունենք, բայց այդ ժամանակն այսօր է. Փաշինյանը` անվտանգության անհրաժեշտ միջավայր ունենալու մասին
Որքա՞ն ժամանակ է պետք անվտանգության այնպիսի միջավայր ունենալու համար, որպեսզի տարածաշրջանային տերությունները Հայաստանի դեմ, այսպես ասենք, ոտնձգություններից առաջ մտածեն դրանից իրենց համար բխող սպառնալիքների և կորուստների մասին։ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում այս հարցին է անդրադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես կառաջարկեի, որ մենք այլ կերպ մտածենք, ոչ թե՝ ինչքան ժամանակ է պետք։ Այդ ժամանակը հիմա է, որովհետև մեզ պետք է այդ հարցը լուծենք հիմա։
Ժամանակ ունենք, բայց այդ ժամանակն այսօր է, որովհետև այդ ընկալումն էլ մեզանում կա՝ դե, հունվարից հետո, տոներից անցնենք, գարունը, ձմեռը... Ամեն պահ, ամեն վայրկյան, ամեն օր այդ ժամանակն է։ Մենք ամեն օր այդ ուղղությամբ պետք է աշխատենք, ամեն օր դրա մասին պետք է մտածենք, ամեն օր այդ ռիսկը պետք է կառավարենք, և սրա համար պետք է մթնոլորտ լինի, միջավայր լինի։
Մեզ մոտ չպետք է լինի այն միջավայրը` բա որ ես այս տատիկի գործած շորը հանեմ, պապան ի՞նչ կմտածի, բա եղբայրներս ի՞նչ կմտածեն։ Պետք է գնալ պապայի հետ էլ, եղբայրների հետ էլ, երեխաների հետ էլ խոսել, ասել՝ ժողովուրդ, այսպես է իրավիճակը։
Մեզ պետք է գնալ և կարողանալ վերադառնա՞լ, դա էլ է ընտրության հարց, այդպիսի ընտրություն էլ է լինում, որ ասում են՝ պապան էլ, երեխաներն էլ, եղբայրներն ու քույրերն էլ ասում են՝ ոչինչ, այդ կարմիր շորը հագած գնա, անցի, կանցնես՝ կանցնես, չես անցնի՝ մի հատ լավ խաչքար կդնենք, հիմա ի՞նչ է եղել»,- ասաց վարչապետը։