Ալեն Սիմոնյանը փոխել է ֆեյսբուքյան էջի ետնանկարը՝ ի զորակցություն եղբոր և նրա կալանավորված կնոջ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ի նշան զորակցության, թարմացրել է ֆեյսբուքյան էջի ետնանկարը՝ տեղադրելով լուսանկար եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի և նրա կալանավորված կնոջ Անի Գևորգյանի հետ։
Հիշեցնենք, այսօր որոշում է կայացվել երկու ամսով կալանավորել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին։
Նշենք, որ վարույթը վերաբերում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում երեկ սկսված ձերբակալությունների գործի շրջանակներում:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել քրեական վարույթի մասին, ըստ որի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:
Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, Էական վնաս է պատճառվել պետությանը։ Երեկ ԱԱԾ-ն ձերբակալել է 6 անձի: