Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք. Փաշինյան
Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք: Այս մասին Հանրային ռադիոյի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա հարց՝ մեր պետական քաղաքականությունն արդյոք պիտի հղվի՞ դրա վրա, և արդյոք մեր պետական քաղաքականությունները պետք է այդ ուղերձով առաջնորդվեն և պետք է ելնեն Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի՝ Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա՞: Սա քաղաքական ընտրության հարց է: Եթե այո, սա նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա: Ավելին՝ սա նշանակում է, որ մենք հիմա կունենանք պատերազմ, որովհետև էլի եմ ասում՝ տնտեսությունը տեսեք ինչ լավ աճում է, հիմա մեր բանակը կուժեղացնենք, և ակնհայտորեն բոլորը տեսնում են, որ մենք բանակի վերափոխման վրա շատ լուրջ ռեսուրսներ ենք ծախսում: Այսինքն՝ մենք հռչակում ենք, ասում ենք, որ հիմա բանակն ուժեղացնում ենք, և գնանք, իրագործենք մեր հռչակագրի դրույթները: Եթե մենք այսպես ենք ասում, սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար, որովհետև մենք հռչակել ենք, որ առնվազն մենք իրենց հետ թեմա ունենք:
Երկրորդ պահը. այն, ինչ ես ասում եմ, իմ ասած այս խոսույթի զարգացումը և ընկալումը ժողովրդի շրջանում, դա Հայաստանն ուժեղացնելո՞ւ է, թե՞ թուլացնելու է: Միանշանակ, Հայաստանն ուժեղացնելու է, որովհետև եթե մենք հենվում ենք այս խոսույթի վրա և սա ընտրում ենք որպես երկարաժամկետ ռազմավարություն, մենք զենք ձեռք բերելիս էլ խնդիր չենք ունենա կամ քիչ խնդիր կունենանք կամ մենք զենք ներմուծելիս էլ քիչ խնդիր կունենանք, որովհետև բոլորը կընկալեն, որ այդ զենքը մենք չենք բերում իր համար»,- ասաց վարչապետը: