Հայաստանի Հանրապետությունում արդեն կա առաջին լիազորված տնտեսական օպերատորը. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Երևանի կոնյակի գործարան»-ին է հանձնել Եվրասիական տնտեսական միության լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու վերաբերյալ 1-ին տիպի վկայական։
Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, միջոցառման ընթացքում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի և լիազորված տնտեսական օպերատորի՝ ի դեմս «Երևանի կոնյակի գործարան» ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանի, միջև ստորագրվել է փոխհամաձայնության հուշագիր, որի համաձայն կողմերը պատասխանատու կլինեն երկկողմ մաքսային պարզեցված ընթացակարգերի կիրառման, ընթացիկ խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղղությամբ։
ՊԵԿ նախագահը, շնորհավորելով ընկերության տնօրենին և ներկայացուցիչներին, նշել է, որ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակն ունեցող ընկերությունները մաքսային պարզեցված ընթացակարգերից օգտվելու արդյունքում, ներմուծում-արտահանումները կիրականացնեն պարզեցված եղանակով՝ ծախսելով ավելի քիչ ժամանակ ու ֆինանսական միջոցներ։ ՊԵԿ նախագահը հույս է հայտնել, որ մյուս հարկ վճարողները ևս կանցնեն այս ճանապարհով՝ գիտակցելով ու կարևորելով օրինապահ հարկ վճարող լինելը։
«Երևանի կոնյակի գործարան»-ի գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահին՝ Պետական եկամուտների կոմիտե-Հայաստանի Հանրապետություն-գործարար համայնք գործընթացներում շարունակական բարեփոխումների համար։
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ լիազորված օպերատորի կարգավիճակ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն անհրաժեշտ է, որ համապատասխանեն օրինապահ հարկ վճարողի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված մի շարք այլ չափորոշիչների և պահանջների: