Ադրբեջանում այսօր ձևավորվող գիտակցության 90 տոկոսը լրացնում ենք մենք՝ հայերս. վարչապետ
Ադրբեջանում այսօր ձևավորվող գիտակցության 90 տոկոսը լրացնում ենք մենք՝ հայերս, Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին Հանրային ռադիոյի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որովհետև նրանք իրենց պետականության և հանրային հարաբերությունների ընկալումն ընկալում են Հայաստանից ստացվող, Հայաստանից մղվող ազդեցությունների վրա: Ինչպես է Հայաստանն իրենց վրա ազդում: Ինչպես են և՛ Հայաստանը, և՛ Հայաստանի ընկալումներն ազդում իրենց ընկալումների վրա: Եվ սա փոխադարձ պրոցես է: Բայց ես ուրիշ բան եմ ասում. տեսեք՝ Դուք հպանցիկ խոսեցիք նաև հռչակագրի մասին: Մեր հռչակագրի դրույթները որո՞նք են: Երեք անկյունաքարային դրույթ կա: Հռչակագիրն ի՞նչ է. մենք հռչակում ենք, հռչակել ենք, թե մենք ինչի համար ենք պետություն ստեղծում, որովհետև հռչակագիրը նրա մասին է, որ մենք սկսում ենք անկախ պետություն ունենալու գործընթաց: Եվ երեք ուղենիշ ենք նշում մենք. մեկը՝ պատմական արդարությունը, մյուսը՝ հայ ժողովրդի իղձերը, և երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի վերամիավորման որոշումները: Մենք, օրինակ, միշտ նայում ենք Ադրբեջանի տեսակետից, իսկ մենք ինչի՞ չենք նայում՝ մեր ուրիշ հարևանները ո՞նց են ընկալում: Ո՞նց են ընկալում այս բանը, որ մենք ասում ենք՝ պետություն ենք ստեղծում, որ պատմական արդարությունը վերականգնենք: Ի՞նչ է նշանակում պատմական արդարությունը վերականգնել: Եկեք պատկերացնենք ուղղակի, թե մենք եթերում չենք, Դուք՝ որպես քաղաքացի, պատմական արդարությունը ո՞նց ենք ընկալում, կամ կներեք, ես Ձեզ դժվար վիճակի մեջ չդնեմ, նույնիսկ էական չէ՝ ոնց ենք ընկալում, մեր միջավայրը ո՞նց է ընկալում պատմական արդարությունը: Ասում ենք՝ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, ՀԽՍՀ տարածքում հռչակում է անկախություն, և ասում է, որ մենք պետք է վերականգնենք պատմական արդարությունը, կամ գուցե հռչակագրի ձևակերպումը մի փոքր այլ կերպ է: