Մեր հիմնը մեր ամենակարևոր տեքստն է, որը մենք պետք է և կարող ենք ունենալ. Փաշինյան
Մենք ոչ պետական մտածելակերպից անցում ենք կատարում դեպի պետական մտածելակերպ, որովհետև հասկանում ենք, որ խնդիրը միայն մենք չենք: Խնդիրը մեր հաջորդ սերնդի առաջ մեր ունեցած պատասխանատվությունն է: Այս մասին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դիվանագիտությունն ինքը գործիք է, ինչպես Դուք ասացիք, գործիք է նաև Ձեր դիմաց դրված այս համակարգիչը: Շատ էական է, թե ինչ ծրագիր է դրված իր մեջ, և մենք ինչ ծրագիր ենք օգտագործում: Այսինքն՝ դիվանագիտությունն ընդամենը համակարգիչ է, մնացածը կախված է նրանից, թե մենք ինչ ծրագիր ենք ներդրել: Excel է այդ ծրագիրը, Word է թե Windows է թե ուրիշ, լիցենզավորվա՞ծ է այդ Windows-ը, թե լիցենզավորված չէ: Եվ դիվանագիտությունն իրականում այս՝ ինչ որ մենք կխոսենք և կպայմանավորվենք, այդ մեր խոստացածը և պայմանավորվածը փաթեթավորելու և արտաքին աշխարհին ներկայացնելու մեջ է:
Հիմա տեսեք՝ ես Ձեզ դիվանագիտության հետ կապված փորձեմ պրակտիկ պատասխանել, որը կապ կունենա մեր նախորդ հարցի հետ: Ես կարծես թե այդ հատվածը բաց թողեցի, հանկարծ չստացվի, որ ես խուսափեցի այդ հարցին պատասխանելուց: Օրինակ, ի՞նչ կապ ունի Ադրբեջանն այս պատմության հետ: Կապ ունի՞, թե կապ չունի: Սա ներքին խոսակցություն է, բայց խնդիրն այն է, որ միշտ քո միջավայրը և այն մարդիկ, ում հետ դու ունես բարեկամական թե թշնամական հարաբերություններ, իրենք քո գիտակցության մասն են: Օրինակ՝ մեր հիմնի մեջ կան տողեր, չէ՞, մեր հիմնը մեր ամենակարևոր տեքստն է, որը մենք պետք է և կարող ենք ունենալ: Օրինակ՝ մեր հիմնի մեջ կա «թշնամի» բառը. «թող փողփողա թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»: Սա ի՞նչ է նշանակում. սա նշանակում է, որ թշնամու ընկալումը մեր ընկալման, մեր աշխարհընկալման ամենակարևոր մասն է»,- ասաց վարչապետը: