Եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկը քեզ չի կարող ասել՝ ինչո՞ւ ես դու քո բանակն ուժեղացնում. վարչապետ
Եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկը քեզ չի կարող ասել՝ ինչո՞ւ ես դու քո բանակն ուժեղացնում: Եթե դու խնդիր ես դնում նպատակ, որի լեգիտիմությունն արտաքին միջավայրի և միջազգայնորեն կարող է դրվել կասկածի տակ, այստեղ առաջանում են բազմաթիվ խնդիրներ: Այս մասին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա ավելի պարզ բացատրելու համար. ես ասում եմ, որ մենք մեր բանակը պետք է ուժեղացնենք, դարձնենք մարտունակ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը և մեր երկրի տարածքը պաշտպանելու նպատակով: Իսկ այդտեղից հարց է ծագում՝ ո՞րն է մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինչպես ես անդրադարձել եմ, Հայկական ԽՍՀ տարածքի նույնական տարածքային ամբողջականությունն է:
Եվ հիմա, երբ մենք ասում ենք, որ մեր բանակը հզորացնում ենք այս տարածքի անվտանգությունն ապահովելու համար, ոչ ոք չի կարող ասել՝ ինչո՞ւ եք դա անում: Իսկ եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձևակերպում ենք հետևյալ կերպ՝ որ մենք ուժեղացնում ենք, որպեսզի, օրինակ, վերականգնենք պատմական արդարությունը, շատ պարզ մի հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ ուրիշները պետք է թողնեն, թույլ տան, որ այդ բանակը հզորանա, որ, պայմանական ասած, պատմական արդարության հարց լուծվի: Պարզ է, որ այսինքն՝ առնվազն խելամիտ չէ թույլ տալ, որ այդ բանակն այնքան ուժեղանա, որ հետո այդ ուժեղացած բանակի հետ գործ ունենան»,- ասաց վարչապետը: