Բրյուսելում եվրոպացի ֆերմերները բողոքի ակցիա են անցկացրել Եվրախորհրդարանի շենքի մոտ
Բրյուսելում ֆերմերները հավկիթ և քարեր են նետել Եվրախորհրդարանի շենքի վրա, խարույկներ վառել՝ պահանջելով ԵՄ առաջնորդներից՝ օգնել իրենց հարկերի և աճող ծախսերի հարցում:
Բելգիայի մայրաքաղաքում անցկացվող բողոքի ակցիային մասնակցում են ֆերմերներ նաև Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից և ԵՄ այլ երկրներից: Եվրոպական թաղամասին հարող մի քանի փողոց խցանված է տրակտորներով և բեռնատարներով, շատերը խոտը բեռնաթափում են հենց ճանապարհի վրա։ Ակցիայի որոշ մասնակիցներ նույնիսկ իրենց արտադրանքը ցուցադրել են երթևեկելի հատվածում։
Վերջին օրերին Եվրամիությունում ակտիվանում են ֆերմերների բողոքները, որոնք պահանջում են փոխել համաեվրոպական ագրարային քաղաքականությունը, հանել դրանցից բազմաթիվ սահմանափակումները, այդ թվում՝ բնապահպանական, և դադարեցնել դրսից էժան արտադրանքի անվերահսկելի ներմուծումը: Արհմիություններում նշում են, որ ԵՄ-ում ֆերմերների աշխատանքը գործնականում դադարել է շահույթ բերել:
Բողոքի ակցիաների ֆոնին Եվրահանձնաժողովն առաջարկել է ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականի հունիսը, երկարաձգել ուկրաինական ապրանքների անմաքս ներմուծումը: