Գերմանիայում հայտնաբերվել են Homo sapiens-ի հնագույն մնացորդներ
Գիտնականների միջազգային խումբը Գերմանիայում կատարած պեղումների ընթացքում հայտնաբերել է Homo sapiens-ի շատ հին մնացորդներ, որը թույլ է տալիս ենթադրել, որ բանական մարդը ենթադրվածից ավելի վաղ է սկսել բնակեցնել կենտրոնական և հյուսիս-արևմտյան Եվրոպան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Սենսացիոն գտածոն հայտնաբերվել է Թյուրինգիա դաշնային երկրամասի Ռանիս քաղաքի մոտ գտնվող Իլզենհյոլե քարանձավում: Մնացորդների ուսումնասիրությունը վկայում է, որ առաջին Homo sapiens-ներն այստեղ հայտնվել են առնվազն 45 հազար տարի առաջ:
Այն ժամանակ տարածաշրջանում միջինում 7-15 աստիճանով ավելի ցուրտ է եղել, քան այժմ։ Ըստ Լայպցիգի էվոլյուցիոն մարդաբանության միության ինստիտուտի գիտնականների՝ արդեն այդ ժամանակաշրջանում մարդիկ կարողացել են հարմարվել խիստ բնական պայմաններին։
Նշվում է, որ գտածոները հիմնովին փոխում են մեր պատկերացումներն անցյալի մասին: Մինչև այժմ համարվում էր, որ բանական մարդը Եվրոպայում բնակություն է հաստատել մոտ 40 հազար տարի առաջ, իսկ հայտնաբերված ավելի վաղ ժամանակաշրջանի քարե շեղբերը վերագրվում էին նեանդերթալցիներին: Այժմ գիտնականները կարծում են, որ գործիքներն արտադրել են Homo sapiens-ները, որոնք, ինչպես արդեն պարզվել է, բավականին երկար՝ մոտ 10 հազար տարի, նեանդերթալցիներին զուգահեռ ապրել են Եվրոպայում: