Թմրաշրջանառության դեմ պայքարի միջգերատեսչական նոր հանձնաժողով կստեղծվի
ՆԳՆ-ի գլխավորության կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային ամբողջովին նոր հանձնաժողով, որի նպատակն է ՀՀ-ում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի շրջանառությունը կանոնակարգելն ու ապօրինի շրջանառությունը կանխարգելելը:
Ակնկալվում է նաև, որ կապահովվի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության և անօրինական շրջանառության դեմ պայքարում ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը:
«Այս ոլորտում իրավական առումով 2003 թվականին նմանատիպ հանձնաժողով ձևավորված է եղել, սակայն տարիներ շարունակ չի երաշխավորվել դրա պրակտիկ, ինչպես և կայուն գործունեությունը, ինչը ակնհայտորեն համահունչ չի կարող լինել ժամանակակից իրավիճակին, մարտահրավերներին, պրակտիկ աշխատանքի օպերատիվությանը»,- Կառավարության փետրվարի 1-ի նիստին ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
Պրոբլեմը ծավալվում է մեծ տեմպերով, և կարիք կա արձանագրելու նաև ցուցանիշները՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հանձնաժողովի ստեղծումը վկայում է խնդրի ծավալների մեծացման մասին, թեև թվերի մեծացումը կարող է վկայել նաև պայքարի արդյունքների մասին:
«Շրջանառության մի հսկա մասը տեղի է ունենում սոցիալական ցանցերով, և, իհարկե, մենք դեպքեր ունենք, երբ սոցիալական ցանցերով տեղի ունեցող հանցագործություները բացահայտել ենք՝ ինչ-որ շղթաներ, հանցավոր խմբեր և այլն, բայց մենք այստեղ շատ լուրջ համակարգման խնդիր ունենք»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ խնդրի ծավալներն ակնհայտորեն մեծ են, տոննայով թմրամիջոցների բացահայտման դեպքեր են գրանցվում, և որ պետք է շնագիտական աշխատանքներն այս առումով ևս ուժեղացնել:
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն իր հերթին նշեց, որ մաքսային մարմնի կողմից հայտնաբերվող թմրանյութերի 60-80 տոկոսը փոստային առաքանիներով է գալիս, այսինքն՝ հոսքն էապես տեղափոխվել է փոստային առաքանիներ, և այս պահին աշխատանքներ են իրականացվում նաև այդ ուղղությամբ: