Զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը 2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում սպանված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ.Գ.-ի գործով մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 26-ին զանգվածային լրատվության միջոցներում պաշտոնական տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ 2023 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ.Գ.-ի դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով:
Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ համածառայակից, պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ.-ն անձնական հարցի շուրջ ծագած խոսակցության ընթացքում հնչած վիրավորանքի պատճառով մահացու հրազենային վնասվածք է հասցրել Մ.Գ.-ին:
Դատախազը 2023 թվականի հուլիսի 28-ին Ա.Հ.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), իսկ 2023 թվականի հուլիսի 29-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել նաև զինծառայող, դիրքի ավագ Տ.Ս.-ի նկատմամբ՝ հանցանք կատարած անձին աջակցելու և սպանության դեպքը պարտակելու համար:
Ա.Հ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը, Տ.Ս.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: