ԱՀԿ ղեկավարը հայտարարել է Գազայում սովի աճող վտանգի մասին
Գազայի հատվածի հիվանդանոցներում սովի սպառնալիքն օրեցօր ավելանում է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ վկայակոչելով Գազայում ԱՀԿ աշխատակիցների զեկույցները։
Նա մանրամասնել է, որ կազմակերպության աշխատակիցները տեղից զեկուցում են բժշկական անձնակազմի և հիվանդների համար սննդի շարունակական նվազման մասին՝ հայտնելով, որ սնունդ ստանում են օրական միայն մեկ անգամ։
«Սովի վտանգը մեծ է, որն օրեցօր ավելանում է մշտական ռազմական գործողությունների և մարդասիրական օգնության սահմանափակ հասանելիության պայմաններում», - ասել է Գեբրեյեսուսը։
ԱՀԿ-ի ղեկավարը նաև ուշադրություն է հրավիրել այն մեծ դժվարությունների վրա, որոնք կազմակերպությունը բախվում է Գազայի առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու հարցում։
Ըստ նրա՝ հունվարի 30-ին ԱՀԿ-ի աշխատակիցները փորձել են սնունդ բերել «Նասեր» հիվանդանոցին, սակայն անցակետից 500 մետր հեռավորության վրա բեռնատարներից սնունդը վերցրել է ամբոխը, որը նույնպես սննդի խիստ կարիք ուներ։