Պահանջում ենք Ժաննա Անդրեասյանի հրաժարականը. Նա կործանում է կրթության բնագավառը. Վազգեն Պետրոսյան
Դժբախտաբար, մեր կառավարությունը բանջարանաբոստանային կառավարություն է, և գլխավոր բուսաբանը բանջարեղենից բացի իր շուրջը ուրիշ կենդանի չի ուզում բերել: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը խոտանելու պահանջ հետապնդող նախաձեռնող խմբի անդամ, Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը: Ցուցարարները պահանջում են Ժաննա Անդրեասյանի հրաժարականը և «Հայ ժողովրդի պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախաձեռնության կասեցումը:
«Ժաննա Անդրեասյանի վատ աշխատանքի արդյունքում կործանման է գնում կրթության բնագավառը»,- ասաց Վազգեն Պետրոսյանը, և հավելեց, որ ցույցը պարտիզանական պատերազմ է, ընդդեմ այն իշխանության, որը դավաճանում է հայ ժողովրդին:
Ցուցարարների խոսքով, հաջորդ հավաքի օրը՝ փետրվարի 14-ին, նրանք իրենց հետ բերելու են նախարարի հրաժարականը պահանջող քաղաքացիների պահանջագրերը, և այսուհետ ամեն երկու շաբաթը մեկը ներկայացնելու են նորերը: