Լեհաստանը կրկին ռազմատուգանք է պահանջել Գերմանիայից
Լեհաստանի նորանշանակ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Բեռլին կատարած այցի ընթացքում դարձյալ բարձրաձայնել է ֆինանսական փոխհատուցման մասին, որը, նրա խոսքով, Գերմանիան պարտավոր է վճարել Երկրորդ աշխարհամարտի ընթացքում գործած հանցագործությունների դիմաց: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից։
«Այն, ինչ Գերմանիան Լեհաստանի հետ արել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, եղել է ահավոր և դաժան: Այդ իսկ պատճառով օգտակար կլինի, եթե Դաշնային Գերմանիան ստեղծագործական լուծում գտնի, որպեսզի արտահայտի իր զղջումը և որևէ լավ բան արած լինի այդ ժամանակը վերապրած մարդկանց համար: Եվ անցյալի էթիկական այդ վերաիմաստավորման արդյունքը հետո պետք է լինի ֆինանսական փոխհատուցման վճարումը», - այդ մասին լեհ դիվանագետը հայտարարել է իր գերմանացի գործընկեր Անալենա Բերբոքի հետ բանակցություններից հետո Welt TV-ին տված հարցազրույցում:
Միաժամանակ, Սիկորսկին ընդգծել է, որ Գերմանիան, ինչպես Եվրոպայի մյուս ժողովրդավարական երկրները, Լեհաստանի դաշնակիցն է:
2022 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Երկրորդ աշխարհամարտի սկսվելուց 73 տարի անց, Լեհաստանի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում Գերմանիան շուրջ 1.3 տրլն եվրոյի վնաս է հասցրել իրենց երկրին: Ի պատասխան, Անալենա Բերբոքը հայտարարել էր, որ թեպետ Գերմանիան իր վրայից չի հանում կատարված հանցագործությունների վերաբերյալ պատմական պատասխանատվությունը, սակայն փակված է համարում Լեհաստանին ռազմատուգանք վճարելու հարցը: 1953 թվականին Լեհական ժողովրդական հանրապետության իշխանությունները հրաժարվել էին ռազմատուգանքի վերաբերյալ բոլոր չկարգավորված պահանջներից: 2023 թ․ հունվարին Լեհաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Արկադիուշ Մուլյարչիկը հայտարարել էր, որ Լեհաստանը Գերմանիայից ռազմատուգանքը ստանալու հարցով դիմելու է ՄԱԿ-ին, քանի որ, նրա խոսքով, գերմանական կողմը չի ցանկանում երկխոսել այդ հարցի շուրջ: