Կուբայի ԱԳՆ-ն պաշտպանում է Վենեսուելային ԱՄՆ-ի դեմ
Կուբան համներաշխություն է հայտնում Վենեսուելային ԱՄՆ իշխանությունների այն սպառնալիքների հարցում, որոնք վերաբերում են Կարակասի դեմ պատժամիջոցներ մտցնելուն։ Կուբան Վաշինգտոնի գործողությունները համարում է ինտերվենցիոնիզմ։ Այս մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։
«Մենք չենք ընդունում ԱՄՆ կառավարության ինտերվենցիոնիստական գործողությունները եւ սպառնալիքները Վենեսուելայի հանդեպ։ ԱՄՆ կառավարությունը փորձում է կիրառել միակողմանի հարկադիր միջոցներ բոլիվարական ազգի դեմ։ Մեր համերաշխությունն ենք հայտնում Վենեսուելայի եղբայր ժողովրդին եւ կառավարությանը»,- գրել է գերատեսչության ղեկավարը X սոցցանցի իր էջում։
Վենեսուելայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել սահմանափակել աջ ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի քաղաքական իրավունքները, ինչը նրան թույլ չի տա մասնակցել 2024թ. նախագահական ընտրություններին։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտնել է, որ Վենեսուելայի ղեկավարությունը մինչեւ ապրիլ ժամանակ ունի իրականացնելու պայմանավորվածություններն ընդդիմության հետ, հակառակ դեպքում Վաշինգտոնը կարող է վերականգնել մի շարք տնտեսական պատժամիջոցներ, որոնք ժամանակավորապես չեղարկվել էին Բարբադոսում բանակցությունների արդյունքում։