Մեզ շատ ոգևորում է մեզ մերձենալու Հայաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ տեղաշարժը. Կոլոմինա
Մենք շատ գոհ ենք Հայաստանի հետ այսօր ունեցած երկկողմ հարաբերություններից: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Այո, վերջերս Հայաստանում էի, հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Ես նաև հնարավորություն ունեցա հանդիպել ուսանողների և կրտսեր դիվանագետների հետ, դասախոսություն կարդացի։ Ընդհանուր առմամբ, լավ այց էր, շատ էական։
Մենք շատ գոհ ենք Հայաստանի հետ այսօր ունեցած երկկողմ հարաբերություններից։ Մեզ շատ ոգևորում են նաև այն որոշումները, որոնք Հայաստանն ընդունել է արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ, այն տեղաշարժը, որը նրանք որոշել են իրականացնել։ Ես գիտեմ, որ դա դժվար իրագործելի որոշում է, և, հավանաբար, դրա իրագործումը երկար ժամանակ կպահանջի, բայց մենք, իհարկե, խրախուսում ենք մեր գործընկերներին մերձենալ մեզ հետ, և դա այն է, ինչ անում է Հայաստանը»,- ասել է նա: