Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները դարձել են Շանհայի միջազգային մրցույթի նախընտրական փուլի հաղթողներ
Գեղարքունիքի մարզի Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նկարչության խմբակի 6 սաների ստեղծագործությունները ներկայացվել են Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող միջազգային մրցույթի նախընտրական փուլում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից՝ Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ուսուցիչ Շուշան Աչիկյանի սաներ Գոհար Մուրադյանի, Արտյոմ Հովեյանի, Վեմիր Ադլոյանի, Անահիտ Չքոլյանի, Գեղեցիկ Բաղդասարյանի և Լարիսա Վիրաբյանի նկարները հաղթահարել են Շանհայում անցկացվող մանկական նկարների «Մետաքսի ճանապարհ. ժամադրություն արվեստի հետ. մետաքսի ճանապարհը երեխաների սրտերում» ցուցահանդես-մրցույթի նախընտրական փուլի պահանջները՝ արժանանալով վկայականների:
Մրցույթի հաջորդ փուլերում ներկայացնելու համար ընտրվել են մասնակից սաների աշխատանքները։
«Հուսանք, որ մեր սաները հաջողությամբ կհաղթահարեն նաև մրցույթի հաջորդ փուլը և կարժանանան ավելի մեծ խրախուսանքների»,-նշեցին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։