Էկվադորում ձերբակալել են անկարգություններին մասնակցած ավելի քան 4500 մարդու
Էկվադորի ոստիկանությունը և զինված ուժերը 4680 մարդու են ձերբակալել հունվարի սկզբին երկրի բանտերում ծագած ապստամբությունից հետո զինված անկարգությունների մասնակցելու կասկածանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման վիճակագրություն է ներկայացրել Էկվադորի ոստիկանությունը։
«Ձերբակալվել է 4680 մարդ, որից 237-ը՝ ահաբեկչության կասկածանքով», - հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Տեղեկանում ենք նաև, որ գրեթե 57 հազար իրավապահ է մասնակցել հանցավորության դեմ պայքարի գործողություններին, որոնց ընթացքում առգրավվել է շուրջ 1500 միավոր հրազեն, մոտ 8300 պայթուցիկ սարք և ավելի քան 40 տոննա թմրանյութ։ Ազատվել են 200-ից ավելի պատանդառված ոստիկաններ և ուղղիչ հաստատությունների ծառայողներ:
Էկվադորում իրավիճակը սրվել էր հունվարի 7-ին՝ բանտից «Լոս Չոներոս» հանցախմբի Ֆիտո մականունով ղեկավարի փախուստից հետո: Դրանից հետո երկրի մի քանի քրեակատարողական հիմնարկներում տեղի էին ունեցել անկարգություններ: Հունվարի 8-ին նախագահ Դանիել Նոբոան երկրում հայտարարել էր արտակարգ դրություն և սահմանել պարետային ժամ: Հետագայում Էկվադորի 221 կանտոններից 160-ում պարետային ժամը չեղարկվել էր։