ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կորուստը բխում է Հայաստանի շահերից. Հարութ Սասունյան
Օրեցօր օղակն ավելի է սեղմվում նախագահ Իլհամ Ալիևի պարանոցի շուրջ։ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը հունվարի 22-ին զգուշացրեց Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում «լուրջ հետևանքներ» կունենա։ Հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը 336 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ բանաձև ընդունեց Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։ Հունվարի 18-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրապարակավ հակադարձեց Ալիևի բազմիցս հնչեցրած պահանջներին, որ Հայաստանն Ադրբեջանին «միջանցք» է տրամադրելու «Զանգեզուրով»։ Լավրովն ասաց, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ հիշատակում չկա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրում։
Վերջին հարվածն Ադրբեջանին հասցվեց անցյալ շաբաթ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից, որը ձայների ճնշող մեծամասնությամբ մերժեց Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, այդպիսով առնվազն մեկ տարով արգելելով Բաքվի մասնակցությունն իր նիստերին։ 2024 թվականի հունվարի 24-ին ԵԽԽՎ պատվիրակները 76 կողմ, 10 դեմ, չորս ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշեցին հեռացնել Ադրբեջանին։
ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևում ասվում է. «Շատ լուրջ մտահոգություններ են մնում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու [Ադրբեջանի] կարողության, իշխանությունների տարանջատման, գործադիրի նկատմամբ օրենսդիր մարմնի թուլության, դատական իշխանության անկախության և մարդու իրավունքները հարգելու վերաբերյալ, ինչպես ցույց է տրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ վճիռներով և «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) կարծիքներով»: ԵԽԽՎ-ն հիշեցրել է իր նախորդ բանաձևերը, որոնք վերաբերում էին Ադրբեջանի հետ կապված բազմաթիվ խնդիրներին, այդ թվում՝ ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը, կազմակերպված հանցավորությանը, կոռուպցիային և փողերի լվացմանը, քաղբանտարկյալներին, ՀԿ-ների գործունեության սահմանափակումներին, ԼԳԲՏԻ անձանց իրավունքների ոտնահարմանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների չկիրառմանը, անդրազգային բռնաճնշումներին՝ որպես օրենքի գերակայության և մարդու իրավունքների աճող սպառնալիք, «Պեգաս» (Pegasus) ու նմանատիպ լրտեսական ծրագրերին և գաղտնի պետական հսկողությանը, ինչպես նաև առնվազն 18 ադրբեջանցի լրագրողների և լրատվամիջոցների գործիչների գործերին, որոնք ներկայումս կալանքի տակ են։
ԵԽԽՎ-ն եզրակացրեց, որ «Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել [իր] հիմնական պարտավորությունները»։
Անդրադառնալով Արցախին՝ ԵԽԽՎ-ն հիշատակեց իր 2023 թվականի զեկույցը, որտեղ մատնանշվում էր, որ Ադրբեջանը «չի ընդունում մարդասիրական և մարդու իրավունքների շատ լուրջ հետևանքները, որոնք բխում են Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի բացակայությունից, որը տևել է մոտ 10 ամիս»։ ԵԽԽՎ-ն նաև դատապարտեց «2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական բանակի կողմից իրականացված ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության փախուստին Հայաստան և «էթնիկ զտումների» մեղադրանքների»։
ԵԽԽՎ-ն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի՝ «Մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողների հետ չհամագործակցելու կապակցությամբ, որոնց թույլ չեն տվել հանդիպել ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց»։
ԵԽԽՎ-ն նույնպես չի հրավիրվել «դիտարկելու գալիք նախագահական ընտրությունները, չնայած նման հրավեր ուղարկելու Ադրբեջանի պարտավորությանը, քանի որ երկիրը գտնվում է մոնիտորինգի ընթացակարգում»։ Ավելին, Ադրբեջանը երեք անգամ մերժել էր ԵԽԽՎ զեկուցողի այցը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, անտեսելով Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների բազմակի խախտումները, դատապարտել է ԵԽԽՎ որոշումը։ Այնուամենայնիվ, նա խոստովանեց, որ Ադրբեջանը վռնդվել է Արցախ ներխուժման պատճառով, որը նա որակեց որպես «Ադրբեջանի կողմից իր ինքնիշխանության վերականգնում»:
Թեև Ադրբեջանն անտեսում էր միջազգային իրավունքի իր բոլոր խախտումները, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ վճիռները և Արդարադատության միջազգային դատարանի վճիռները, այս անգամ Բաքուն ծայրահեղ բացասական արձագանքեց: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը հայտարարեց, որ իրենց երկիրը որոշել է «մինչև հետագա ծանուցումը դադարեցնել իր ներգրավվածությունը և ներկայությունը ԵԽԽՎ-ում»։ Ոմանք ԵԽԽՎ-ից Ադրբեջանի դուրս գալը վռնդվելուց հետո համեմատել են 1933 թվականին Ազգերի լիգայից նացիստական Գերմանիայի դուրս գալու հետ:
ԵԽԽՎ-ի քվեարկությունը ճնշող մեծամասնությամբ դեմ էր Ադրբեջանին, քանի որ միայն ինը թուրք և մեկ ալբանացի պատվիրակներ քվեարկեցին Ադրբեջանի օգտին։ Նույնիսկ թուրքական պատվիրակությունից մեկը դեմ քվեարկեց Ադրբեջանին։ Մինչդեռ 28 երկրների 76 պատվիրակներ, այդ թվում բոլոր չորս հայ պատվիրակները, քվեարկեցին Ադրբեջանին վտարելու օգտին:
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կորուստը բխում է Հայաստանի շահերից.
1) Ադրբեջանի վարկն էլ ավելի արատավորվեց ԵԽԽՎ-ից նրա հեռացումից հետո՝ բացահայտելով նրա մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները և եվրոպական արժեքների բացահայտ անտեսումը։
2) Բաքուն այժմ զրկված է ԵԽԽՎ-ի միջոցով Եվրոպայում իր խնդիրները բարձրացնելու հնարավորությունից։
3) Ադրբեջանն այլևս չի կարողանա քննադատել Հայաստանին ԵԽԽՎ-ի նիստերի ընթացքում.
4) ԵԽԽՎ-ի նիստերում Ադրբեջանը չի կարողանա քվեարկել իր շահերի օգտին և ընդդեմ Հայաստանի շահերի։
Միջազգային հանրությունը, հատկապես արևմտյան երկրները բավականին երկար ժամանակ շփացրել են Ադրբեջանին՝ կուրացած Բաքվի նավթի ու գազի հսկայական պաշարներից: ԵԽԽՎ-ից հեռացվելուց հետո այժմ Ադրբեջանին պետք է վռնդել Եվրոպայի խորհրդից։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ (www.TheCaliforniaCourier.com)