Պետականությունից շեղվելու մտադրություն ունեցողին ոչ մի անվանում չի խանգարի
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն անդրադարձել է «Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմություն» դարձնելու հարցին՝ ընդգծելով, որ պետականությունից շեղվելու մտադրություն ունեցողին ոչ մի անվանում չի խանգարի:
«Կառավարության «e-draft» կայքում դրված որոշման նախագծով փորձ է արվում մի խումբ պատմաբանների առաջարկով «Հայոց պատմություն» դասընթացի անվանումը փոխարինել «Հայաստանի պատմություն» արտահայտությամբ։ Հիրավի հաջողված և համընդգրկուն եզրույթից հրաժարվելը բացատրվում է այն պատճառաբանությամբ, որ «Հայոց պատմություն» անվանումը «... հնարավոր է դարձնում այդ պատմությունը նաև առանց պետության և պետականության»: Միաժամանակ առաջարկվում է ընդօրինակել այլ երկրներում ընդունված ձևաչափին՝ «Ղազախստանի պատմություն», «Հնդկաստանի պատմություն» և այլն:
Հարգելիներս, եզրութաբանությունը հայագիտության, ազգային ինքնության անքակտելի տարրերից է, ուստի պետք չէ իբր պետականությունից շեղվելու հնարավոր պատճառը փնտրել դարեր շարունակ փորձություն անցած և համընդհանուր ընդունելության արժանացած անվանումների մեջ: Ազգային ինքնատիպությունը միջազգային նորմերով պաշտպանվող համաշխարհային մշակույթի արժեք է: Մովսես Խորենացին իր նույնանուն գործում առավելապես հենց Հայոց պետականությանն է անդրադարձել, իսկ պետականությունից շեղվելու մտադրություն ունեցողին, ցավոք, ոչ մի անվանում չի խանգարի», - նշել է նա։